Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կաթնամթերք արտադրող 2 ընկերություններ՝ «Արցախ կաթը» եւ «Առաջնեկը» արտադրանքն իրացրել են` արտադրության եւ պիտանելիության ժամկետների մակնշումները խախտելով: ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովն այսօր՝ հունիսի 28-ին այդ ընկերություններին տուգանեց 300 հազարական դրամով՝ արտադրության եւ պահպանման ժամկետների վերաբերյալ սխալ տեղեկություններ, կամ առանց նման տեղեկությունների ապրանքների իրացման համար: Ընկերությունները պահպանման եւ արտադրության ժամկետները ոչ թե տպագրում են պիտակի վրա, այլ փակցնում ինքնասոսնձվող պիտակներով, որոնք կարելի է փոխել ցանկացած ժամանակ:

«Արցախ կաթի» ներկայացուցիչը միջնորդեց՝ տուգանք չնշանակել, քանի որ խախտումը վերացրել են ու ֆինանսական միջոցների սղություն ունեն: Սակայն ԼՂՀ մրցակցային մարմնի ղեկավար Լեւոն Մնացականյանը նշեց, որ տուգանելով՝ պաշտպանում են ոչ միայն սպառողի, այլեւ տնտեսվարողի շահերը, քանի որ թունավորումների դեպքում արտադրողն ավելի խիստ պատժամիջոցի կենթարկվի:

«Առաջնեկ» ընկերությունը ոչ միայն ժամկետների նշման խախտումներ է կատարել, այլեւ արտադրվող կարագը ներկայացնում է որպես «տնական կարագ» կամ «խնոցու կարագ»: ՀՀ ՏՄՊՊՀ վերահսկողական վարչության ղեկավար Արտյոմ Հովհաննիսյանը նշեց, որ սա եւս սպառողին մոլորեցնելու դասական ձեւ է: «Չի կարելի հասարակությանը մոլորեցնելով բիզնես կառուցել»,- ասաց Ա. Հովհաննիսյանը: Տնտեսվարողի այն դիտողությանը, թե մեխանիկական եղանակով են կարագը ստանում, այդ պատճառով էլ անվանել են «տնական կարագ», Ա. Հովհաննիսյանը հետեւյալ կերպ արձագանքեց. «Իսկ աշխարհում կա՞ն կարագի ստացման այլ եղանակներ, բացի մեխանիկականից»: