«Հարսնաքարի» գործը դասական օրինակ է, թե ինչպես են գործը կոծկում եւ կարում, եւ թե ինչպես չի կարելի դատավարություն իրականցնել։ Այս մասին այսօր՝ հունիսի 28-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։

«Ոտնձգությունը, որը տեղի է ունեցել հայկական բանակի սպայի նկատմամբ, այն էլ՝ բժշկի, աննախադեպ է, Տա Աստված՝ մնա անկրկնելի։ Ոչ միայն գործադիր իշխանությունը տեղում չէ, այլեւ նախ եւ առաջ դատական եւ արդարադատության համակարգը, այն, ինչպես կոծկում են «Հարսնաքարի» գործը, ինձ հիշեցնւմ է, թե ինչպես են կոծկել սումգայիթյան ջարդերը»,- նշեց նա։

Լարիսա Ալավերդյանը շեշտեց, որ ի սկզբանե պարզ էր, թե ինչ փուլով է ընթանալու քննությունը, քանի որ դեպքից անմիջապես հետո մեծ արագությամբ սկսեցին ոչնչացնել հանցագործության հետքերը։ Նա օրինակ բերեց այն, որ բոլորը գիտեն, որ «Հարսնաքարում» տեղի ունեցածը Ռուբեն Հայրապետյանի թիկնապահների գործն է, սակայն փոխվում է նրանց կարգավիճակը: Սա, նրա խոսքով, ցույց է տալիս, որ ցանկանում են փրկել Ռուբեն Հայրապետյանին հանցագործության մասնակցությունից կամ պատասխանատվությունից։

«Վահե Ավետյան» հասարակական շարժման մյուս ներկայացուցիչը՝  Հրանուշ Խառատյանը շեշտեց, որ Վահե Ավետյանի դեպքը միակը չէ, այս տարվա ընթացքում եւս բազմաթիվ  դեպքեր եղան,  օրինակ՝ Գյումրիում սպանությունը, Պռոշյանի գյուղապետի սպանությունը, Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տանը տեղի ունեցած դեպքը։

Նա շեշտեց, որ այս բոլորի դեպքերի կիզակետում հայտնվողները պարգեւների են արժանանում նախագահի կողմից, ինչպես օրինակ՝ անցած ամիսներին Սերժ Սարգսյանի կողմից պարգեւատրվեց Ռուբեն Հայրապետյանը, «Մարտական խաչ» շքանշան ստացավ Սուրեն Խաչատրյանը։

Ասուլիսի բանախոսներից՝  նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուգասզյանն էլ ասաց, որ վարչախումբը պարզ հաշվարկ էր արել՝ ժամանակ ձգել մինչեւ հանրային ուշադրությունն ու աղմուկը նվազի եւ իշխող համակարգը, ինչպես նախորդ տարիներին, հերթական անգամ եւս կկոծկի գործը եւ արժանի պատժից կազատի յուրայիններին։ «Դատավարության պրոցեսը արհեստականորեն երկարաձգվող գործընթացների միջոցով հասարակական ընդվզումը մաշեցնելու մարտավարությանը՝ շարժման կողմից հակադրվեց ասիմետրիկ մարտավարություն՝ ժամանակավորապես թուլացնելով հանրային ճնշումը, նախապատրաստել հանրային արդարադատության ատյանի ստեղծման գործընթացը»,- ասաց Գարեգին Չուգասզյանը՝ ազդարարելով հանրային արդարության տրիբունալ ստեղծելու մասին։ 

Նախաձեռնության ներկայացուցիչը շեշտեց, որ այս ութ ամիսներին համոզվել են, որ անգամ դատական պաշտպանության ֆունդամենտալ սկզբունքը հերթական անգամ բռնաբարվեց եւ շուրջ ինը ամիս քաշքշուկից հետո մերժվեցին պատվի եւ արժանապատվության պաշտպանության խնդրով նախաձեռնողների հայցերն ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի։

Նշենք, որ վաղը լրանում է մեկ տարին այն օրից, երբ «Հարսնաքար» համալիրում Ռուբեն Հայրապետյանի աշխատակիցների կողմից դաժանագույն ծեծի ենթարկված Վահե Ավետյանը կնքեց իր մահկանացուն։ Այս մեկ տարին լի էր տարբեր ակցիաներով, քաղաքացիական հասարակության ընդվզումով, նախաձեռնող խմբի հայցերով ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի։ «Հարսնաքարի» դատավարությունը մոտենում է հանգուցալուծմանը, իսկ վաղը այդ ռեստորանի մոտ նախատեսված է մոմավառություն։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am