Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասին շվեյցարացի լրագրողներ Անդրեաս Շնայդերի եւ Մայնրադ Շադեի աշխատանքները հաղթել են գերմանալեզու լրագրողների հասարակական կազմակերպության «Արեւելքից հաշվետվության ցանց» միջազգային մրցույթում:
2012թ. ապրիլին Շվեյցարիայի Reportagen հրատարակչությունում հրապարակված Անդրեաս Շնայդերի ընդարձակ հոդվածն իրենց երկիրը վերածնող Արցախի բնակիչների մասին լավագույնն էր ճանաչվել «տեքստ» անվանակարգում: «Լուսանկար» անվանակարգում հաղթել են Մայնրադ Շադեի՝ Արցախում արված լուսանկարները, որոնք նախկինում տարբեր ցուցադրությունների էին ներկայացվել:
Լրագրողների պարգեւատրման արարողությունը տեղի է ունեցել Բեռլինի «Կանաչ սրահ» արվեստների տանը: Արարողությունից հետո Մայնրադ Շադեն հարցազրույցում պատմել է Արցախից ստացած իր տպավորությունները` այն անվանելով կայացած պետություն: Նա նաեւ հայտնել է, որ ԼՂՀ-ում արված լուսանկարները կընդգրկվեն «Պատերազմից առաջ եւ հետո» ժողովածուում, որը կհրատարակվի 2014թ.:
Մրցույթին մասնակցել են լրագրողներ Գերմանիայից, Շվեյցարիայից եւ Ավստրիայից:
Շնայդերը եւ Շադեն Արցախ էին այցելել 2011թ. սեպտեմբերին:





























