Քաղաքական տեսանկյունից Վրաստանի նոր իշխանությունների համար ձեռնտու չէ Թբիլիսիի քաղաքապետարանի ներկայացուցիչների ձերբակալությունը, եւ դա ապացուցում է, որ իրավապահ մարմիններն անկախ են գործում: Նման հայտարարությամբ է հանդես եկել Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշիլին` հունիսի 28-ին մեկնաբանելով Թբիլիսիի քաղաքապետարանի պաշտոնյաների ձերբակալությունը:
«Քաղաքական տեսանկյունից դա մեզ ձեռնտու չէ, սակայն դա ցույց է տալիս, որ ես չեմ թելադրում իրավապահ մարմիններին, նրանք օրենքի համաձայն են գործում… Ուգուլավան դա քաղաքական հետապնդում է անվանում: Ես կասեի հակառակը. դա ցույց է տալիս, որ ես` որպես կառավարության ղեկավար, չեմ ղեկավարում իրավապահ ոլորտի գործունեությունը»,-Իվանիշվիլիի խոսքը մեջբերում է «Նովոստի-Գրուզիան»:
Հիշեցնենք, որ Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը հարցաքննել է մոտ 30 մարդու` Թբիլիսիի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների աշխատակիցների` գերատեսչության բյուջեի միջոցները յուրացնելու եւ ծախսելու մեղադրանքով:
Նախօրեին Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուվալան ներկայիս իշխանություններին մեղադրել էր «Միասնական ազգային շարժում» կուսակցության անդամների «որսի» մեջ:





























