Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է ՔԿՀ-ի պետի տեղակալ Դ. Մուրադյանի կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք պահանջելու եւ ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը:

Դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, թե մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համաձայն`Դ. Մուրադյանը, 2011թ. դեկտեմբերի 1-ից մինչեւ 2013թ. փետրվարի 6-ը աշխատելով որպես ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի տեղակալ, օժտված լինելով քրեակատարողական հիմնարկի օպերատիվ եւ բժշկական սպասարկման բաժինները համակարգելու լիազորությամբ, 2012թ օգոստոսից մինչեւ դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում առանձնապես խոշոր չափերի կաշառք է պահանջել եւ ստացել նույն քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող Ա. Հակոբյանից:

Նախաքննության տվյալներով Դ. Մուրադյանը միջին ծանրության հանցագործություններ կատարելու համար 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտված Ա. Հակոբյանից պահանջել եւ, որպես կաշառք, վերջինից անձամբ եւ նրա կնոջ միջոցով ստացել է ընդհանուր առմամբ 1.631.320 ՀՀ դրամին համարժեք 4.000 ԱՄՆ դոլար, ինչպես նաեւ 540.000 ՀՀ դրամ արժողության կահույք: Ձեռք բերված ապացույցների համաձայն` Դ. Մուրադյանը կաշառքը պահանջել է դատապարտյալին առանց բավարար հիմքերի քրեակատարողական հիմնարկի բուժմաս ընդունելու եւ տեւական ժամանակ այնտեղ պահելու, կնոջ հետ ոչ պլանային երկարատեւ եւ կարճատեւ տեսակցություններ տրամադրելուն նպաստելու, ինչպես նաեւ` պատժախցի վերանորոգումը թույլատրելու, այն կահավորելու եւ սահմանված կարգի խախտմամբ, բջջային հեռախոս պահելու ու դրանից օգտվելու թույլատրության համար:

Նախաքննությամբ պարզվել է նաեւ, որ 2012թ ընթացքում նույն դատապարտյալի պայմանական վաղաժամկետ ազատմանն իր լիազորությունների շրջանակում նպաստելու համար Դ. Մուրադյանը 2 անգամ կաշառք է պահանջել եւ ստացել, ապա վերադարձրել` չկարողանալով լուծել նրա պայմանական վաղաժամկետ ազատման հարցը:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Դ. Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով:

Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան` ըստ էության քննելու: