Վրաստանի խորհրդարանի «Միասնական ազգային շարժում» խմբակցությունն անցնում է քաղաքական բոյկոտի ռեժիմին` Թբիլիսիի քաղաքապետարանի 4 բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալության պատճառով: Այս մասին հայտարարել է խմբակցության փոխնախագահ Լեւան Բեժաշվիլին:

«Հասարակությունը գիտի, որ երեկվանից խորհրդարանական ընդդիմության` «Միասնական ազգային շարժման», նկատմամբ աննախադեպ հարձակումներ է ձեռնարկել: Դրա հետեւանքով ձերբակալվել են մի շարք պաշտոնյաներ, ովքեր ունեն նախագահամետ հայացքներ»,-ընդգծել է Բեժաշվիլին:

Նրա խոսքով` նման պայմաններում խմբակցությունը չի կարող իրականացնել «սովորական, ամենօրյա քաղաքական գործունեությունը»: «Որոշել ենք անցնել քաղաքական բոյկոտի ռեժիմին»,-հայտարարել է Բեժաշվիլին, փոխանցում է «Նովոստի-Գրուզիան»:

Հիշեցնենք, որ բյուջեի միջոցների յուրացման եւ ծախսման մեղադրանքով ձերբակալվել են Թբիլիսիի քաղաքապետարանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում` փոխքաղաքապետ Դավիդ Ալավիձեին: Հետաքննության տվյալներով` ձերբակալվածները յուրացրել եւ ծախսել են ավելի քան 30 մլն դոլար: