Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր՝ հունիսի 28-ին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իրաքի Հանրապետության նորանշանակ դեսպան Ղազի Տահեր Խալեդը:
Նախագահը շնորհավորել է դեսպանին եւ վստահություն հայտնել, որ Հայաստանում Իրաքի դեսպանության վերաբացումը եւ դեսպան Խալեդի կողմից դիվանագիտական առաքելության ստանձնումն զգալի առաջընթաց կապահովի պատմականորեն ձեւավորված հայ-իրաքյան բարիդրացիական հարաբերություններում:
Ընդգծելով, որ այսօր հազարավոր հայեր են ապրում Իրաքում, ովքեր երկկողմ կապերի սերտացման գործում կարող են բնական կամուրջ հանդիսանալ Հայաստանի եւ Իրաքի միջեւ, Սերժ Սարգսյանը կարեւորել է քաղաքական երկխոսությանը զուգահեռ տնտեսական հարաբերությունների զարգացումը, մշակութային կապերի ամրապնդումն ու ակտիվ փոխգործակցությունը նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում:
Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել Մերձավոր Արեւելքում վերջին տարիներին տիրող անկայուն վիճակի, տարածաշրջանի ներկայիս զարգացումների շուրջ եւս:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Ղազի Տահեր Խալեդը վստահեցրել է, որ կանի ամեն հնարավորը հայ-իրաքյան բարեկամական հարաբերություններն առավել ամրապնդելու եւ խորացնելու ուղղությամբ:






























