Կապանի Ողջի գետն ընկած 78-ամյա Ֆրունզիկ Սարգսյանի վիճակը բավարար է, նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Կապանի բժշկական կենտրոնից:

Նրանց փոխանցմամբ` վերջինս վնասվածքներ էր ստացել, հետազոտել են, եւ քանի որ լուրջ բան չկար, ուղարկել են տուն: Իսկ թե ինչպես է եղել դեպքը, հիվանդանոցից հայտնեցին, որ տղամարդը զբոսնելիս է եղել, ձեռնափայտը ընկել է, ցանկացել է վերցնել, քարը թաց է եղել, ոտքը սայթաքել է եւ ընկել է գետը: Քանի որ Ողջին խորը չէ, տարեց մարդուն չի քշել եւ տարել, նա թեքվել է գետի երկայնքում գտնվող խոտերի վրա, մինչ փրկարարները կժամանեին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 28-ին, ժամը 11.36-ին ահազանգ է ստացվել, որ Կապանի Ողջի գետը` Սպանդարյան փողոցի թիվ 6 շենքի մոտակայքում, քաղաքացի է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հրշեջ-փրկարարները գետից դուրս էին բերել 1935 թ. ծնված Ֆ. Սարգսյանին, ով տեղափոխվել է Կապանի ԲԿ: