Ռուսաստանում, «Ոսկե հասկ» մանկական առողջարարական ճամբարի երեք ջոկատավարները վարչական պատասխանատվության կենթարկվեն՝ «գիշերային ֆլեշմոբերի» ընթացքում երեխաների նկատմամբ ոտնձգությունների համար: Երիտասարդներից յուրաքանչյուրը 700 ռուբլու տուգանք կվճարի:
Բացի այդ, կասկածյալների նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ «պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար»: Նրանց, ինչպես նաեւ Օմսկի նրանց գործընկերոջը մինչեւ երեք տարվա ազատազրկում է սպառնում:
Պարզվել է, որ երաժշտական ղեկավարի եւ ջոկատավարներից մեկի օգնականի հետ աշխատանքային պայմանագրեր չեն կնքվել, իսկ տվյալ անձինք նախկինում դատված են եղել խուլիգանության եւ գողության համար: Ճամբարի ջոկատավարներն ու տնօրենը հեռացվել են աշխատանքից:
Պատասխանատվության կարող է ենթարկվել նաեւ Օմսկի «Արեւային» մանկական ճամբարի ջոկատավարուհին, որի նկատմամբ հարուցվել է քրեական գործ, գրում է NEWSru.com-ը: Ըստ քննիչների՝ ջոկատավարուհին քնել չցանկացողներին երրորդ դիտողությունից հետո ստիպել է մերկանալ եւ այդպես կանգնել սենյակում: Այս գործով ստուգումներ էին սկսվել, երբ երեխաներից մեկը կատարվածի մասին պատմել էր մորը: Ջոկատավարուհուն մինչեւ 3 տարվա ազատազրկում է սպառնում:

























