Երեւան քաղաքի կենտրոնի կառուցապատման եւ դրա հետեւանքով պատմա-մշակութային հուշարձանների ոչնչացման գործընթացը սկիզբ է առել եւ հատկապես մեծ չափով տեղ է գտել Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում եւ նրա անմիջական մասնակցությամբ: Այդ մասին ասվում է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» կազմակերպության տարածած հայտարարության մեջ:
«Երեւան քաղաքի գործադիր կոմիտեի դեռեւս 1991 թ. ապրիլի 12-ի՝ «Երեւան քաղաքի պատմության եւ մշակույթի հուշարձանների կոմպլեքսային պահպանման եւ օգտագործման նախագիծ»- թիվ 6/18 որոշմամբ հաստատված էր Երեւան քաղաքի պատմության եւ մշակութային հուշարձանների ցանկը: Սակայն խախտելով ՀՀ կառավարության 1996 թ. հունվարի 15-ի «Գերատեսչական նորմատիվ ակտերի պետական գրանցման մասին» թիվ 13 որոշման պահանջները, Երեւանի քաղաքապետարանի կողմից 12.04.1991թ. թիվ 6/18 որոշումը, սահմանված կարգով եւ ժամկետներում չի ներկայացվել ՀՀ արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման համար, ինչի հետեւանքով ուժը կորցրել է: Սակայն Երեւանի քաղաքապետարանը չի բավարարվել դրանով եւ, ենթադրաբար նաեւ Երեւանի գլխավոր ճարտարապետի մասնակցությամբ, նախապատրաստել եւ 2000 թ. օգոստոսի 30-ին ընդունել է հատուկ որոշում՝ թիվ 1137՝ Երեւան քաղաքի գործադիր կոմիտեի թիվ 6/18 որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին: Արդյունքում, Երեւան քաղաքը «դադարել է ունենալ» պահպանության ենթակա պատմության եւ մշակութային հուշարձաններ: Եղած հուշարձանները, փաստորեն, դուրս են մնացել ՀՀ մշակույթի նախարարության պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության իրավասությունների դաշտից եւ Երեւանի կենտրոնի հողամասերի ձեռքբերողներին 4 տարի շարունակ հնարավորություն է ընձեռվել անարգել քանդել կամ վնասել այդ տարածքներում գտնվող հուշարձան շենքերը: Քանդվել է առնվազն 25 հուշարձան-շենք, որոնք հետագայում հասկանալիորեն այլեւս չեն ներառվել ՀՀ կառավարության 2004 թ. հոկտեմբերի 7-ի «Երեւան քաղաքի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին» թիվ 1616-Ն որոշմամբ հաստատված ցանկում: Այս որոշման համաձայն՝ տասնչորս հուշարձան էլ համարվել է տեղափոխման ենթակա՝ նպատակ ունենալով չխոչընդոտել Երեւանի կենտրոնում իրականացվող շինարարությանը:
ՀՀ գլխավոր դատախազությունը դեռեւս 2005 թ. հայտնաբերել է հուշարձանների ոչնչացման փաստը, դա պայմանավորելով նաեւ հուշարձանների պահպանությունն ապահովող իրավական ակտերի բացակայությամբ, մասնավորապես Երեւան քաղաքի գործադիր կոմիտեի վերոնշյալ որոշման վերացման հետ: Այդուհանդերձ, մինչ օրս որեւէ մեկը հուշարձանների փաստացի ոչնչացման ու այդ հանցագործության նախապատրաստման կամ օժանդակման համար չի ենթարկել քրեական պատասխանատվության: Թրանսփարենսի Ինթերնեշնլ հասարակական կազմակերպության կողմից 2009թ.-ից ի վեր իրավապահ մարմիններին ներկայացվող հաղորդումները չեն արժանացել պատշաճ քննության:
1999թ.-ից մինչեւ 2004թ. աշխատելով Երեւանի գլխավոր ճարտարապետի պաշտոնում՝ Ն.Սարգսյանը հեղինակել է Երեւանի պատմամշակութային հուշարձաններով զբաղեցված կենտրոնական հատվածը բարձրահարկերով կառուցապատելու ծրագրերը: Նա ներգրավված է եղել ՀՀ կառավարության 2000 թ. նոյեմբերի 25-ի՝ «Երեւան քաղաքի հյուսիսային պողոտայի կառուցապատման ծրագրի մասին» եւ դրան հաջորդող ՀՀ կառավարության մի շարք որոշումների նախապատրաստական գործընթացներում: ՀՀ կառավարության այդ որոշումներով Երեւանի քաղաքապետին թույլատրվել է հողամասերը տրամադրել կառուցապատողներին առանց մրցույթի, ուղիղ բանակցությունների միջոցով` քաղաքապետարանի ձեռքը տալով կոռուպցիոն լծակ` պայմանավորվածություններ ձեռք բերելու հնարավոր անօրինական մուծումների եւ գործընթացների վերաբերյալ: Օգտագործելով իր պաշտոնեական դիրքը եւ ՀՀ կառավարության որոշումներով իրեն ընձեռված հնարավորությունները՝ Ն.Սարգսյանը, ամենայն հավանականությամբ, գործարքի մեջ է մտել մի խումբ ձեռքբերողների հետ, եւ Երեւանի գլխավոր ճարտարապետի իր պաշտոնավարումը դադարեցնելուց հետո, 2004թ.-ից ներգրավվել նրանց կողմից իրականացվող շինարարության բազմաթիվ նախագծային աշխատանքներում՝ ««Նարեկ Սարգսյան» ճարտարապետական արվեստանոց» ՍՊԸ միջոցով:
Երեւանի կենտրոնի կառուցապատման գործընթացների անօրինականության եւ կոռումպացվածության վերաբերյալ բազմաթիվ վկայությունները եւ Ն.Սարգսյանի կողմից հատկապես Երեւանի կենտրոնում նախագծված շենքերի մեծ քանակը ծնում են ողջամիտ կասկածներ նրա կողմից իր պաշտոնեական դիրքի հնարավոր չարաշահումների վերաբերյալ: Մտահոգությունների տեղիք է տալիս նաեւ 2008-2011թթ. ՀՀ գլխավոր ճարտարապետի եւ ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալի պաշտոնում գտնվելու ընթացքում Ն.Սարգսյանի նրա կողմից իրականացված խոշոր նախագծերը, այն դեպքում, երբ Հայաստանում կան բազմաթիվ տաղանդավոր ճարտարապետներ եւ նախագծող կազմակերպություններ: Ինչպես բացահայտվել է վերջերս, Ն.Սարգսյանը ներկայումս ներգրավված է Երեւանի Աբովյան փողոցի 3 հասցեում 10 հարկանի հյուրանոցային համալիրի նախագծման աշխատանքներում՝ տվյալ կառուցապատմամբ վտանգի տակ դնելով պատմության եւ մշակույթի հուշարձան հանդիսացող ԱՕԿՍ-ի եւ հարեւան շենքերը:
Ն.Սարգսյանի մասնակցությունը Երեւանի կենտրոնի պատմության եւ մշակույթի հուշարձաններ ոչնչացման եւ/կամ նախապատրաստման աշխատանքներին եւ պաշտոնեական դիրքի չարաշահման փաստերը պետք է ուսումնասիրվեն համապատասխան մարմինների կողմից՝ քննությանը ներգրավելով նաեւ այլ պատասխանատու պաշտոնյաների, այդ թվում՝ Երեւանի քաղաքապետի պաշտոնը համապատասխան տարիներին զբաղեցնող անձանց՝ Ալբերտ Բազեյանին, Ռոբերտ Նազարյանին եւ Երվանդ Զախարյանին: Ակնկալում ենք, որ իրավապահ մարմինները կիրականացնեն պատշաճ քննություն եւ կձեռնարկեն համապատասխան միջոցներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ, 308-րդ եւ 375-րդ հոդվածների համաձայն պատասխանատվության ենթարկելու Երեւան քաղաքի պատմամշակութային մի ամբողջ շերտի ոչնչացման համար պատասխանատու պաշտոնյաներին»:





























