Կատուները իրենց տերերին շատ լավ են տարբերում այլ մարդկանցից: Հետազոտությունը ցույց է տվել, որ անկախ ընտանի կենդանիները միայն ձեւացնում են, թե չեն լսում կամ չեն հասկանում տիրոջը. իրականում կատուների` մարդկանց հանդեպ ատելությունը պայմանավորված է նրանց գոյատեւման ռազմավարությամբ:

Հետազոտության ընթացքում միացվել են ձայնագրություններ, որտեղ եղել են ինչպես կատուների տերերի, այնպես էլ նրանց համար լիովին անծանոթ մարդկանց ձայներ: Հիմնականում նրանք չեն արձագանքել օտար մարդկանց ձայներին, գրում է NEWSru.com-ը` վկայակոչելով The Daily Mail-ը:

Ավելի մանրամասն ուսումնասիրությունը ցույց է տվել, որ տիրոջ ձայնը լսելով, սակայն նրան չտեսնելով` կատուները սկսում էին անկեղծորեն հուզվել, ինչի մասին վկայում է նրանց բիբերի լայնացումը:

Հետազոտությունները ցույց են տվել, որ ընտանի կատուներն իրենց տերերին ընդունում են այնպես, ինչպես նրանց ձագերը իրենց մայրերին: Իսկ ի՞նչն է պատճառը, որ ընտանի կատուները երբեմն չեն լսում, երբ տերը նրանց է կանչում: Պատճառը նրանց խորքային բնազդներն են. նրանք իրենց բավականին գաղտնի են պահում եւ խուսափում են հույզերի դրսեւորումից:

Սակայն տերերի բարի վերաբերմունքը թուլացնում է նրանց` «միշտ աչալուրջ լինելու» սովորությունը: