Երեւանի Նորագյուղ թաղամասում 15-ամյա Գ. Ա.-ի «Թաիրով» կոչվող ջրանցքը նետվելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում նախաքննությունը շարունակվում է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց նրա մայրը` Արաքսյան:
Նա նշեց, որ երեխայի առողջական եւ հոգեբանական վիճակը լավ է, հանձնել է ավարտական քննությունները Երեւանի թիվ 13 երաժշտական գիշերօթիկ դպրոցում, որտեղ էլ պատրաստվում էր շարունակել ուսումը քանոնի բաժնում:
Մայրը նշեց, որ երեխայի հեռախոսը քննիչները դեռ չեն վերադարձել: Ծնողը վստահ է, որ երեխային ինքնասպանության փորձ կատարելուն դրդել է դպրոցում տիրող մթնոլորտը, նրա համադասարանցիները, ովքեր ճնշել են իր դստերը: Նա պնդում է, որ երեխան անձնական, սիրային որեւէ խնդիր չի ունեցել, ընկեր չի ունեցել եւ չունի: «Ես եւ երեխան բողոք չունենք, բայց որոշ մարդիկ կան, որ կհեռացվեն դպրոցից»,- ասաց նա` հավելելով, որ նկատի ունի 2-3 երեխաների, ովքեր հոգեբանական ճնշում են գործադրել իր դստեր վրա:
Նշենք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 34-110 հոդվածի հատկանիշներով (ինքնապանության հասցնելու փորձ): Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը` պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը 3 տարի ժամկետով:
Հիշեցնենք, որ ապրիլի 16-ին, ժամը 13.47-ին տեղեկատվություն ստացվել, որ Երեւանի Նորագյուղ թաղամասում՝ «Թաիրով» կոչվող ջրանցքից Երեւանի ճանապարհային ոստիկանության առաջին գումարտակի հրամանատարը եւ անձը չպարզված քաղաքացին ջրանցքից դուրս են բերել 15-ամյա Գ. Ա.-ին, ում «1-03» ծառայության աշխատակիցները տեղափոխել են Երեւանի «Սրբ. Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: Աղջկան ջրանցքից դուրս է բերել ՀՀ ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Արշակյանը:
15-ամյա Գ.Ա.-ն սովորում է Երեւանի թիվ 13 երաժշտական գիշերօթիկ դպրոցի 9-րդ դասարանում, քանոնի բաժնում: Գիշերօթիկ դպրոցի տնօրեն Սամվել Երանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել էր, որ աղջկա այդ քայլին դիմելու պատճառը սիրահարվածությունն է: Շրջանառվող խոսակցությունների համաձայն` երիտասարդը, ում սիրահարվել է աղջիկը, այդ դպրոցի սաներից չէ: Հայտնաբերվել է աղջկա օրագիրը, որում կատարված գրառումներից, տնօրենի խոսքով, կարելի է եզրակացնել, որ աղջկա սերն անպատասխան է: Նա այնտեղ մենախոսության նման մի բան է գրել, որ «դու ուրիշինն ես, բայց միեւնույն է, ես եմ քեզ ամենից շատը սիրում» եւ այլն: «Սիրահարված է եղել, բայց դա չի եղել դպրոցի ներսում»,- ասել էր տնօրենը:





























