2013 թվականի 6 ամիսների ընթացքում  շուրջ 100 քաղաքացիներ են դիմել Ամուսնության եւ ընտանիքի «Հանդիպում» կենտրոն՝ իրենց երկրորդ կեսին գտնելու նպատակով, որոնցից  70-ն կանայք են, 30-ը՝ տղամարդ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց կենտրոնի տնօրեն Նարե Մարտոյանը՝ հավելելով, որ իրենց դիմած քաղաքացիների տարիքն սկսում է 30-ից եւ անցնում 70-ը:

Նրա խոսքով՝ այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում մոտ 12 ամուսնություն է գրանցվել: Իրենց երկրորդ կեսին, այս պահի դրությամբ, տվյալ կենտրոնի միջոցով փնտրում է  շուրջ 45 000 քաղաքացի: 

Խոսելով հետաքրքիր ամուսնությունների մասին,  կենտրոնի տնօրենն առանձնացրեց հղի կնոջ պատմությունը: «Ամիսներ առաջ մի հղի կին էր եկել, ով 43 տարիների ընթացքում չէր ամուսնացել, սակայն վերելակի մեջ բռնաբարել էին: Այդ կինը հիասթափված գնում է Կիեւյան կամրջի մոտ, որ ինքնասպան լինի: Մինչ այդ մտնում է  եկեղեցի մոմ վառելու եւ քանի որ մեր կենտրոնն այդ տարածքին մոտ է, պահի տակ որոշում է մտնել մեզ մոտ: Երբ զրուցում էինք՝ տեսնելու, թե ինչ տարբերակներ ունենք, այդ պահին գալիս է մի տղամարդ եւ դռան հետեւից լսում ամբողջ պատմությունը: Այդ 53 տարեկան տղամարդը դուռը բացեց եւ ասաց, որ այդ կնոջը հետ ցանկանում է ամուսնանալ»,- պատմեց Նարե Մարտոյանը եւ ավելացրեց, որ նրանք ամուսնությունից մեկ շաբաթ անց տղա են ունենում եւ այսօր շատ երջանիկ են: