Փարիզում հունիսի 28-ին կայացել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յան Քելլիի (ԱՄՆ), Իգոր Պոպովի (Ռուսաստան) եւ Ժակ Ֆորի  (Ֆրանսիա) հանդիպումը։

Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացին առչնվող հարցեր:

ԱԳ նախարարը վերահաստատել է, որ Հայաստանը շարունակելու է համանախագահների հետ համատեղ ջանքերն` ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը` միջնորդների կողմից իբրեւ մեկ ամբողջություն ներկայացված սկզբունքների եւ տարրերի հիման վրա:

Հիշեցնենք, հունիսի 18-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները G20 գագաթաժողովի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով հայտարարություն են ընդունել, որում հակամարտող կողմերին կոչ են արել  ժողովրդին ոչ թե պատերազմի նախապատրաստել, այլ՝ խաղաղության։

«Մեր երկրները պատրաստ են աջակցություն ցուցաբերել կողմերին, սակայն հակամարտությանը վերջ դնելու պատասխանատվությունը հենց կողմերի վրա է։ Մենք խորապես համոզված ենք, որ խաղաղ, համապարփակ կարգավորման տանող հավասարակշռված պայմանավորվածության հետագա ուշացումն անընդունելի է, եւ Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդներին կոչ ենք անում թարմ ուժերով կենտրոնանալ դեռեւս բաց մնացած հարցերի կարգավորման վրա»,- ասված էր հայտարարությունում։