Հայաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը՝ ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դ.Տոնոյանի եւ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ գեներալ-լեյտենանտ Է.Ապրիամովի գլխավորությամբ հունիսի 27-ից 29-ը մասնակցել է Բաթում քաղաքում Վրաստանի պաշտպանության նախարարության կողմից կազմակերպված պաշտպանության եւ անվտանգության խնդիրներին նվիրված միջազգային համաժողովին:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե երկօրյա համաժողովի ընթացքում քննարկվել են Վրաստանի պաշտպանական քաղաքականության ու բարեփոխումների, միջազգային խաղաղարար առաքելությունների նրա մասնակցության, ՆԱՏՕ-ի ընդլայնման հեռանկաներների, Եվրատլանտյան անվտանգության, Հարավային Կովկասի եւ Սեւծովյան  տարածաշրջանում սպառնալիքների եւ մարտահրավերների հետ կապված հարցեր:

Համաժողովի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը աշխատանքային երկկողմ հանդիպումներ է ունեցել նաեւ  ԱՄՆ պաշտպանության քարտուղարի Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Եվրասիայի հարցերով փոխտեղակալ, դոկտոր Էվելին Ֆարկասի եւ Մեծ Բրիտանյանի պառլամենտի անդամ, Միջազգային անվտանգային ռազմավարության նախարար, դոկտոր Անդրյու Մերիսոնի հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են համագործակցության ընթացիկ ծրագրեր եւ նոր հեռանկարներ, մասնավորապես՝ միջազգային խաղաղապահ առաքելության, ռազմական կրթության եւ վարժանքի, պաշտպանական բարեփոխումների, հումանիտար ականազերծման ոլորտներում,  եւ կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ: