Քաղցկեղի առաջացման առաջին գործոնը ժառանգական է: Այս  մասին այսօր` հունիսի 29-ին հրավիրված ասուլիսին ասաց  Հայ-Ամերիկյան Առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը՝ խոսելով կանանց առողջության հիմնախնդիրների, եւ քաղցկեղի դեմ տարվող պայքարի մասին եւ ավելացրեց, որ ոսպի հատիկի փոքրության քաղցկեղը կարող են հայտնաբերել:

Խաչանուշ Հակոբյանը նաեւ տեղեկացրեց, որ կան սննդատեսակներ որոնք կարող են կանխել քաղցկեղը: «Դրանք են սխտորը, սոխը, կարմիր խաղողը, լոլիկը, կարմիր գինին: Եվ այդ ամենը մեզ կօգնի, որ մենք բնական քիմիատերապիա անցկացնենք, եթե կան քաղցկեղի բջիջներ: Իսկ քաղցկեղի բջիջներ բոլորիս մեջ կա եւ իրենք վերականգնվում են չորս, հինգ տարին մեկ: Դրանց դեմ պայքարելու համար պետք է բարձր պահենք մեր իմունիտետը: Նշած սննդատեսակները բարձրացնում են իմունիտետը»,- ասաց Խաչանուշ Հակոբյանը:

Նա նշեց, թե քաղցկեղի զարգացմանը նպաստում են ճարպերը, ծխելը, խմելը եւ ոչ առողջ ապրելակերպը: Նա նաեւ տեղեկացրեց, որ իրենց կենտրոնը հետազոտել է 300 հազարից ավելի մարդկանց, որոնցից 8700-ի մոտ հայտնաբերվել է կրծքագեղձի քաղցկեղ, 4 հազարի մոտ քաղցկեղը հայտնաբերվել է զարգացման շատ վաղ փուլում, իսկ մնացածի մոտ քաղցկեղը հայտնաբերվել է արդեն 3-4 փուլում, երբ բժիշկները անկարող են որեւէ բան անել: Այս տարի հետազոտվել  է 22 հազար կին, որոնցից ցավոք 367-ը քաղցկեղով հիվանդ է: Իսկ 7 հոգի էլ տղամարդ է եղել: Տեղեցկացրեց նաեւ, որ իրենց կենտրոն դիմած ամենաերիտասարդ քաղցկեղով հիվանդը 18 տարեկան է: Ինչպես նաեւ ասաց, որ իրենց կենտրոնը չի զիջում Ամերիկյան կենտրոններին եւ նույնիսկ մի շարք առավելություններ ունի: «Հատկապես արտերկրի բժիշկները հիացած են մեր բժիշկների զարգացվածությամբ: Նրանք ունեն նեղ մասնագիտացում, իսկ մեր բժիշկները բազմակողմանի զարգացած են»,-ավելացրեց Խաչանուշ Հակոբյանը եւ տեղեկացրեց, որ ամառը շատ են Ռուսաստանից գալիս իրենց կենտրոն հետազոտության եւ բուժման: