Վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայաստանի ազգային գրադարանում հանդիպել է աուդիտորական եւ խորհրդատվական ծառայություններ մատուցող «Էրնսթ ընդ Յանգ» գլոբալ կազմակերպության հայազգի բարձրաստիճան ներկայացուցիչներին: 

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե, ողջունելով հանդիպման մասնակիցներին, կառավարության ղեկավարը մանրամասն ներկայացրել է Հայաստանի տնտեսական վիճակն ու կառուցվածքը, անդրադարձել մեր երկրի առջեւ ծառացած խնդիրներին, հարկային, մաքսային ու այլ ոլորտներում իրականացվող բարեփոխումներին, ստվերի կրճատմանը եւ այլն: 

Այդ առումով, վարչապետը նշել է, որ առաջին հերթին քայլեր են ձեռնարկվում խոշոր ձեռնարկությունների գործունեությունը թափանցիկ եւ վերահսկելի դարձնելու համար: «Ընդ որում, նրանց վերաբերյալ տեղեկատվությունը պետք է հասանելի լինի ոչ միայն պետական մարմիններին, այլեւ հասարակությանը: Մենք տպագրում ենք խոշոր ձեռնարկությունների կողմից վճարված հարկերը եւ հանրությունը կարողանում է վերահսկել նրանց: Այսուհետ, ՀՀ-ում հինգ մլն դոլարից ավելի շրջանառություն ունեցող ձեռնարկությունները պարտավոր են հրապարակել իրենց տարեկան ֆինանասական հաշվետվություններն աուդիտորական եզրակացությամբ: Այդ ուղղությամբ առաջին քայլերն ենք դեռեւս անում»,- ասել է Տիգրան Սարգսյանը՝ ավելացնելով, որ ոլորտն ամբողջութամբ կանոնակարգելու համար դեռեւս պետք է ներդնել օրենսդրական նոր մեխանիզմներ: 

Վարչապետը նշել է, որ կառավարության հաջորդ կարեւորագույն խնդիրը բիզնեսի եւ քաղաքականության տարանջատումն է: «Այստեղ էլ առաջին քայլերն ենք  ձեռնարկել՝ պարտադրելով ՀՀ 500 բարձրաստիճան պաշտոնատար եւ նրանց փոխկապակցված անձանց ներկայացնել իրենց ունեցվածքի եւ եկամուտների մասին  հայտարարգրեր, դրանք դարձնել հրապարակային, որոնց հանրությունը նույնպես կարող է ծանոթանալ: Այսպիսի միջոցառումներով փուլ առ թուլ փորձում ենք քաղաքական գործիչների եւ խոշոր բիզնեսի գործունեությունը դարձնել հրապարակային, ստեղծել զսպող մեխանիզմներ, որպեսզի քաղաքական գործիչներն իրենց պաշտոնական դիրքը չօգտագործեն անձնական շահերի համար»,- ասել է Տիգրան Սարգսյանը: 

Վարչապետը պատասխանել է նաեւ հանդիպման մասնակիցների հարցերին, անդրադարձել տնտեսության տարբեր ճյուղերի եւ քաղաքացիական հասարակության զարգացման ուղղությամբ իրականացվող քայլերին: 

«Էրնսթ ընդ Յանգ» ընկերությունն իր գործունեությունը Հայաստանում սկսել է 2008 թվականից: Այն հայաստանյան հաճախորդներին առաջարկում է ընկերության կողմից համաշխարհային շուկայում մատուցվող ծառայությունների ամբողջական ցանկը, այն է՝ աուդիտորական, հարկային եւ իրավաբանական, գործարքների ուղեկցման եւ խորհրդատվական ծառայություններ: Երեւանյան գրասենյակում աշխատում է 40 մասնագետ: Ամբողջ աշխարհում ընկերությունն ունի 167 հազար բազմազգ աշխատակիցներ: