«Ավելի մաքուր Երեւան» նախաձեռնության հերթական հավաքը Հաղթանակ զբոսայգում էր։ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնած «Ավելի մաքուր Երեւան» ծրագրով եւ կամավորների ներգրավմամբ շաբաթ օրերին սանմաքրման աշխատանքներ են իրականցվում Երեւանի հանրային օգտագործման տարածքներում։

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե Երեւանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանի խոսքով՝ նախաձեռնությունը մեծ արձագանք է ստացել եւ բազմաթիվ հասարակական կազմակերպություններ են դիմում քաղաքապետարան՝ մաքրման աշխատանքներին մասնակցելու համար։ 

«Անշուշտ, Երեւանի բոլոր վարչական շրջանների սանմաքրող ընկերությունները պարբերաբար մաքրում են այս բոլոր տարածքները, սակայն նախաձեռնությունը ավելի մաքուր Երեւան ունենալու լրացուցիչ հնարավորություն է, ինչպես նաեւ քաղաքը մաքուր պահելու ուղեցույց»,-նշել է Երեւանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետը։

Քաղաքացիներին իրազեկման եւ կազմակերպչական աշխատանքներին մասնակցում է նաեւ Երեւանի քաղաքaպետին կից քաղաքաշինական խորհրդի երիտասարդական հանձնաժողովը։

«Ավելի մաքուր Երեւան» նախաձեռնության շրջանակում Հաղթանակ զբոսայգու սանմաքրման օրվան մասնակցել են Երեւանի քաղաքապետարանի ենթակառուցվածքների, վարչական շրջանների աշխատակազմերի աշխատակիցները, բուհերի ուսանողներ, ինչպես նաեւ Խուլերի միավորումն ու «Ունիսոն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները։ Այս անգամ եւս մասնակիցների ընդհանուր թիվը շուրջ 400 էր։