Հայկական պատվիրակությունը Ստամբուլում մասնակցում է  ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանին, որը կշարունակվի մինչեւ հուլիսի 3-ը։

Հայկական պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը NEWS.am-ի թղթակցին հայտնեց, որ պատվիրակությունն արդեն Ստամբուլում է։

Նստաշրջանի օրակարգային հարցերից է ԵԱՀԿ-ի տարածքում երկարաձգված հակամարտությունների, այդ թվում՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը։  Հարցը կուսումնասիրվի քաղաքական եւ անվտանգության հարցերով հանձնաժողովի շրջանակում։

Զեկուցող Վիլյա Ալեկնայտե Աբրամիկենեն կներկայացնի քաղաքական հարցերով բանաձեւի նախագիծը, որը ներառում է նաեւ սառեցված հակամարտությունների հարցը։ Փաստաթղթում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին կոչ է արվում «շարունակել Հայաստանի եւ Ադրբեջանի հետ փոխգործակցությունը՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիներ գտնելու շրջանակում»։

«Անադոլու» գործակալության հաղորդմամբ՝ ԵԱՀԿ-ի ԽՎ-ի շրջանակում կանցկացվի նաեւ հատուկ նստաշրջան՝ «Երկխոսության ու համագործակցության ամրապնդում. Համատեղ կոչ աշխարհին՝ ուղղված ռասիզմի, այլատյացության եւ անհանդուրժողականության դեմ պայքարին» խորագրով։ Կմասնակցեն թուրքական խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեքը, Հույն ուղղափառ եկեղեցու պատրիարք Բարդուղիմեոսը, Հայ առաքելական եկեղեցու Կոստանդնուպոլսի թեմի արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը, Թուրքիայի գլխավոր րաբբի  Իցհակ Հալեւան եւ Ասորական կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչ Յուսուֆ Սաղը։