Այս տարի Սեւանի հանրային լողափերում տեղադրվել են երեխաների համար նախատեսված նոր խաղահրապարակներ, շարժական լողավազաններ, վոլեյբոլի դաշտ, փոքր թենիսի սեղան, պատրաստվել է էկոանկյուն:

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը եւ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն հունիսի 28-ին այցելել են Սեւանա լճի տարածքում գտնվող հանրային լողափեր: Այցի նպատակն էր Սեւանա լճի հանրային լողափերի սեզոնի բացմանն ընդառաջ ծանոթանալ նախապատրաստական աշխատանքներին: Նախարարը եւ մարզպետը շրջայց են կատարել հանրային լողափերով ծանոթացել կատարված աշխատանքներին:

Բնապահպանության նախարարի խոսքով պետությունը ամեն հնարավորը իրականացրել է, որպեսզի հանրային լողափերում հանգստացողները կարողանան հավուր պատշաճի անցկացնել իրենց հանգիստը:

«Հանրային լողափերի ստեղծման գործընթացը սկսվել է դեռեւս մի քանի տարի առաջ` հանրապետության Նախագահի հանձնարարականով եւ մարզպետի հետ միասին այստեղ ենք տեսնելու` ի՞նչ աստիճանի պատրաստվածություն կա: Այս տարի նույնպես մեր քաղաքացիներին կապահովենք պատշաճ հանգստի միջավայր»,- նշել է նախարար Հարությունյանը:

Հանրային լողափերի մուտքը եւ լողաթախտերը անվճար են լինելու: Գործելու են անվճար բուժկետեր, սանհանգույցներ, փրկարար ծառայություն: 

Այցի ավարտին նախարարը հանձնարարականներ է տվել ազգային պարկի ղեկավարությանը հանրային լողափերում ապահովել առավելագույն հարմարավետություն մեր քաղաքացիների համար: 

Քաղաքային լողափերը ընդլայնվել են ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի եւ Գլոբալ Էկոլոգիական հիմնադրամի փոքր դրամաշնորհների ծրագրի կողմից իրականացված «Սեւան» ազգային պարկի ռեկրեացիոն ներուժի օգտագործում` հանրային լողաների հիմնման միջոցով» ծրագրի աջակցությամբ: