Նելսոն Մանդելան «ոգեշնչել է ողջ աշխարհին», Պրետորիայում հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, որտեղ բանակցություններ է վարել ՀԱՀ-ի նախագահ Ջեյքոբ Զումայի հետ:
Նախագահ Օբաման հայտնել է, որ իր ողջ կյանքով Նելսոն Մանդելան ցույց է տվել «սկզբունքների ուժը, հասարակ մարդկանց ուժը»:
Ըստ ՀԱՀ-ի նախագահ Զումայի՝ եւ Օբաման, եւ Մանդելան «կապված են պատմությամբ՝ երկուսն էլ դարձել են իրենց երկրների առաջին սեւամորթ նախագահները, եւ իրենց ուսերին կրում են Աֆրիկայում եւ սփյուռքում միլիոնավոր սեւամորթ մարդկանց հույսերը», հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նոբելյան խաղաղության դափնեկիր Նելսոն Մանդելան հունիսի 8-ից գտնվում է Պրետորիայի հիվանդանոցում: Ըստ բժիշկների՝ նրա վիճակը օրհասական է:
Ավելի վաղ Բարաք Օբաման հայտնել էր, որ չի պատրաստվում այցելել հիվանդանոցում գտնվող 94-ամյա Մանդելային՝ նրա նկատմամբ ունեցած հարգանքից եւ հարազատների ցանկությունից դրդված:
Օբաման ՀԱՀ ժամանել է այդ երկրի նախկին առաջնորդի հանդեպ հարգանքն ընդգծելու համար: Նա մտադիր է այցելել նաեւ Ռոբեն կղզի, որտեղ 18 տարի բանտարկված է եղել Մանդելան:
Բացի դրանից, ԱՄՆ-ի նախագահը մտադիր է հանդիպել արքեպիսկոպոս Դեսմոնդ Տուտուի հետ, ինչպես նաեւ հունիսի 30-ի երեկոյան ելույթ ունենալ Քեյփթաունի համալսարանում:





























