Երեկվա հրդեհի հետեւանքով Ճարտարապետների միության շենքին որեւէ վնաս չի պատճառվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ճարտարապետների միության ղեկավար Մկրտիչ Մինասյանը:

Նա պատմեց, որ հրդեհը բռնկվել է տանիքում, միայն վնասվել է շենքի ծածկը, սակայն շենքի ներսում որեւէ բան չի վնասվել: Այժմ նրանք ստիպված կլինեն փոխել տանիքը: Մկրտիչ Մինասյանի համար հանելուկ է, թե ինչու պետք է հրդեհ լիներ, քանի որ այդ տարածքում էլեկտրական լարեր եւ պոտենցիալ հրդեհի բռնկման այլ իրեր չկան:  «Այնպիսի տեղ է, որ հրդեհի բռնկման ենթակա չէ»,- նշեց Ճարտարապետների միության ղեկավարը: Նա պատմեց, որ հրդեհի բռնկման ժամանակ տանն էր, իսկ երբ հասավ Ճարտարապետների միության շենք, արդեն հանգցնում էին այն: Հարցին, թե հնարավոր է այս հրդեհը պատահական չէ եւ կապված է վերջին շրջանում ձեր եւ միության մյուս ճարտարապետների կողմից Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի հասցեին հնչող քննադատություններին, նա պատասխանեց, որ ոչ, հրդեհի բռնկման մեջ դիտավորություն չի տեսնում: «Դա բոլորովին ուրիշ խոսակցություններ են, պրոֆեսիոնալ բնույթի, սա լրիվ ուրիշ է:Նարեկ Սարգսյանը ունակ չէ նման բան անելու, ոչ մեկ ունակ չէ նման բան անելու, դրանք անհեթեթ խոսակցություններ են»,- ասաց Մկրտիչ Մինասյանը:

Հիշեցնենք, որ  հունիսի 30-ին, ժամը 17.13-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Բաղրամյան պողոտայի թիվ 13 հասցեում:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խմբերը, վեց մարտական հաշվարկ եւ ավտոսանդուղք:

Դեպքի վայր են մեկնել նաեւ Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը:

Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բաղրամյան պողոտայի թիվ 17 հասցեում գտնվող Ճարտարապետների միության շենքի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.42-ին, մարվել՝ 17.47-ին: