Հունիսի 29-ին, Լոռիի մարզի Արջուտ գյուղում տեղի ունեցած դանակահարության հետեւանքով վնասվածքներ ստացածների վիճակը լավ է, «երեւի հիմա իրար հետ նստած քեֆ են անում»: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արջուտի գյուղապետ Վարդան Մկրտչյանը:

Նա հերքեց իր մասնակցությունը միջադեպին` նշելով, որ ինքը ընդամենը իմանալով, որ վիճաբանություն է, գնացել է  կռվող կողմերին անջատելու, բայց որեւէ վնասվածք, քերծվածք չի ստացել: «Էդ ինչե՞ր եք մոգոնել, էդ ինչե՞ր ա գրվում, այ ցավդ տանեմ, նետ, նետ, տենց բան չկա, ինչեր են մոգոնել, ինչեր են գրել, ես գլխի չեմ»,- ասաց գյուղապետը` հավելելով, թե «վիճաբանություն որտե՞ղ չի լինում»:

Նա շեշտեց, որ ինքը հիվանդանոց չի դիմել, վիճաբանությունը հարթեցնելու ժամանակ էլ որեւէ վնասվածք չի ստացել: «Կանխել եմ, բայց ոչ մի վնասվածք չեմ ստացել: Եթե չեք հավատում, եկեք անձամբ տեսեք»,- ասաց Վարդան Մկրտչյանը:

Արջուտի գյուղապետն ասաց, որ ճանաչում է վիճաբանող կողմերին, նորմալ մարդիկ են, պարզապես ալկոհոլի ազդեցության ներքո են եղել, որեւէ այլ խնդիր չկա: «Ես ընդամենը գնացել եմ, հանդարտացրել իրենց, իրենց վրա քերծվածքներ եղել է: Ես ոնց կարող եմ քեֆին չմասնակցել, այդ օրը գյուղում երեք հատ բանակի քեֆ է եղել,մի հատ ծնունդ է եղել, շաբաթ օրը գյուղում քեֆ էր: Հավատա, չեմ հիշում որ քեֆին էի, խաբարն եկավ, որ վիճում են, ես էլ գնացի հանդարտեցրի, քաշվեցի, քերծվածքներ կար, գնացել են հիվանդանոց, վիրակապել, եկել: Իրենք էսօր էլ ախպերներ են, պաչ-պռոշտ, հենց հիմի նստած իրար հետ քեֆ են անում»,- ասաց Վարդան Մկրտչյանը: Նա նշեց, որ դանակ չի կիրառվել վիճաբանության ժամանակ, իրար ճանկռել են: 

Ի դեպ, ոստիկանության մեր աղբյուրները հաստատել էին, որ հունիսի 30-ին ժամը 00:30-ի սահմաններում Վանաձորի բժշկական կենտրոնից ահազանգել են ոստիկանության Գուգարքի բաժին եւ հայտնել, որ աջ եւ ձախ դաստակների կտրած վերքով իրենց մոտ է տեղափոխվել մարզի Արջուտ գյուղի բնակիչ 51-ամյա Վարդան Մկրտչյանը:

Արդեն ժամը 01:30-ի սահմաներում հիվանդանոց են բերել նաեւ նույն գյուղի բնակչներ, եղբայրներ՝ 28-ամյա Վռամ եւ 32-ամյա Արշակ Սրապյաններին, որոնք մարմնական վնասվածքներ էին ստացել ազդրի, ուսի, կոնքի եւ աջ ու ձախ դաստակների մասում:

Ըստ տեղեկությունների՝ դեպքը  տեղի է ունեցել գյուղապետի տան հարեւանությամբ բնակվող Վազգեն Դալլաքյանի տանը, որտեղ նշելուց են եղել վերջինիս՝ բանակից զորացրված տղայի քեֆը: Միջոցառման ժամանակ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել վերը նշված անձանց եւ նույն գյուղի բնակիչ, 29-ամյա Դավիթ Հովհաննիսյանի միջեւ, որի ժամանակ էլ Հովհաննիսյանը իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարակայով հարվածներ է հասցրել տուժածներին: Դեպքի  առթիվ Գուգարքի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Ավելի վաղ NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում Արջուտ համայնքի ղեկավար Վարդան Մկրտչյանը հայտարարել էր, որ որ ոչ մի միջադեպ էլ չի եղել: «Ոչ մի բան էլ չկա, քերծվածքներ եմ ստացել, ոչ մի դեպք էլ չի եղել, ես էլ հիմա դաշտում աշխատում եմ»,-հայտնել էր գյուղապետը:

Լուսանկարը ՝ Էդվարդ Արզումանյանի /NEWS.am