Երեկ կեսգիշերին կրակոցներ են հնչել Արարատի մարզի Ավշար գյուղում: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ զինված ավազակային հարձակում է եղել բնակիչներից մեկի տանը: Գիշերը ժամը 1-ի սահմաններում դիմակավորված ու զինված երեք անձ պատուհանից մուտք են գործել գյուղի բնակիչներից մեկի տուն, հրազենի սպառնալիքների ներքո պահանջել գումար: Տանտերերը նրանց են տվել երկու միլիոն դրամ եւ ոսկեղեն: Սակայն այդ ընթացքում հնչել է կրակոց, որի հետեւանքով վնասվածք է ստացել տանտիրոջ 22-ամյա որդին՝ Տարոնը, ում անմիջապես տեղափոխել են հիվանդանոց:
Կատարվածի վերաբերյալ մանրամասներ փորձեցինք պարզել ոստիկանությունից, որտեղից հաստատելով մեր տեղեկությունը՝ հայտնել են, որ կատարվածից քիչ անց ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները նշված հարձակումը կատարելու կասկածանքով Երեւանի Դավիթ Բեկ փողոցից «Օպել» մակնիշի մեքենայով բերման են ենթարկել երկու անձանց՝ Երեւանի բնակիչ 1989 թ. ծնված Անդրանիկ Կ.-ին եւ Նոր Հաճնի բնակիչ 1965 թ. ծնված Ալբերտ Տ-ին:
NEWS.am-ի տեղեկություններով` երկուսն էլ նախկինում դատված են եղել:



























