Հունիսի 29-ին եւ 30-ին- Պլովդիվ քաղաքում տեղի է ունեցել Բուլղարիայի Հայոց թեմի Թեմական Պատգամավորական ժողով, որտեղ ընդունվել է թեմի նոր կանոնադրությունը եւ քննարկվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայանալիք Ազգային Եկեղեցական ժողովի Բուլղարիայի պատվիրակների ընտրության հարցը:
«Կանթեղ Արարատյան» տեղեկատվական կայքի փոխանցմամբ՝ ժողովի սկզբում ներկաներին ողջունել է Բուլղարիայում ՀՀ դեսպան Արսեն Սհոյանը, ով հավաստիացրել է, որ Մայր Հայրենիքը մշտապես կանգնած է Հայ Առաքելական եկեղեցու կողքին թե՛ Հայաստանում, եւ թե՛ Սփյուռքում, եւ անում է կարելին հօգուտ Մայր եկեղեցու պայծառության եւ բարօրության:
Երկու օրերի կառուցողական քննարկումների արդյունքում Թեմական Պատգամավորական ժողովը ձայների բացարձակ մեծամասնությամբ ընդունել է Բուլղարիայի Հայոց թեմի նոր կանոնադրությունը: Հետագա օրերին այն կուղարկվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որպեսզի հաստատվի Գարեգին Բ-ի կողմից, որից հետո Բուլղարահայոց թեմը, վերագրանցվելով պետական համապատասխան ատյանների կողմից կգործի նոր Կանոնադրության համաձայն:
Ժողովի ավարտից առաջ պատգամավորները Ռուբեն Չավուշյանին եւ Սարգիս Գարաճյանին ընտրել են, որպես Բուլղարիայի պատվիրակներ Ազգային եկեղեցական ժողովում:





























