Հուլիսի 1-ին Հայաստանի ԱԳ փոխնախարար Սերգեյ Մանասարյանն ընդունեց Նիգերիայի նորանշանակ դեսպան Ալհաջի Տուկուր Մանիին (նստավայրը՝ Թեհրան)` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե, շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ, Սերգեյ Մանասարյանը հաջողություն մաղթեց նրան եւ հույս հայտնեց, որ իր գործունեությամբ դեսպանը կնպաստի հայ-նիգերիական հարաբերությունների զարգացմանը: ԱԳ փոխնախարարը նաեւ նշեց, որ Հայաստանը կարեւորում է Աֆրիկայի առաջատար պետությունների, այդ թվում Նիգերիայի հետ հարաբերությունների զարգացումը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Մանին նշեց, որ ջանք չի խնայի երկու երկրների միջեւ փոխգործակցությունն ամրապնդելու համար: Նա նաեւ նշեց, որ չնայած աշխարհագրական հեռավորությանը՝ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող թեմաներ կան, որոնց շուրջ հնարավոր է արդյունավետ փոխգործակցություն հաստատել:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին քաղաքական շփումների ակտիվացման եւ առեւտրատնտեսական համագործակցության ընդլայնման, իրավապայմանագրային դաշտի ձեւավորման եւ մի շարք այլ ոլորտների հետ կապված հարցեր:





























