NEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել հունիսի 29-ին, ժամը 04.30-ի սահմաններում Երեւանի Թամանյան փողոցում «Նիսսան Պայտֆայնդեր» մեքենայի միջից հնչած կրակոցների մասին: Այդ ժամանակ դեպքի վայրում գտնվող անցորդներից մեկը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ «Նիսսան Պայտֆայնդեր» ավտոմեքենան ընթանում էր Թամանյանի արձանից դեպի Կասկադ, Իսահակյան փողոցով դեպի Թամանյան փողոց մտնելիս մեքենայի մեջի երիտասարդներից մեկը սկսեց կրակել օդ: Անմիջապես դեպքի վայր ժամանեցին ոստիկանական մեքենաներ, որոնք շրջափակեցին այդ մեքենան, միջից հանեցին ուղեւորներին, ստուգեցին նրանց: «Գոռգոռոցներ էր, մեկը մյուսին ասում էր` արա, թող, թող, ուղեւորներին հանել էին եւ հենել մեքենային, մի աղջիկ էլ կար` սպիտակ զգեստով, որ կարծես հարբած լիներ, որովհետեւ մինչ այդ մեքենայի միջից գլուխ հանել եւ գոռում էր, տարօրինակ ձայներ էր անում»,- պատմեց անցորդը:

Միջադեպի ականատեսը տեղեկացրեց, որ նրանք գալիս էին «Կամի» քլաբից, որտեղ DJ Սերժո-ի, Միշոյի, Ֆելիքս Խաչատրյանի, Արսեն Գրիգորյանի («Խուճուճ») եւ շոու բիզնեսի այլ ներկայացուցիչների հետ միասին մասնակցում էին «փարթիի»: Նա  պատմեց նաեւ, որ տարածքում նաեւ տուրիստներ կային, ովքեր տարակուսած նայում էին «փարթիից վերադարձող հայ երիտասարդներին»:

Ի դեպ, ըստ Emedia.am-ի հավաստի տեղեկությունների` կրակոցների արձակած «Նիսսան Պայտֆայնդեր» մեքենայի վարորդ 20-ամյա Ալբերտ Խ.-ն ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի հրամանատար Սուրեն Խուդոյանի եղբոր որդին է: Երբ նա հերքե իր որդու մասնակցությունը այդ միջադեպին, վերջինիցս հետաքրքվեցինք, թե իր որդին պատահմամբ այդ օրը «Կամի քլաբում» չի եղել, նա արձագանքեց. «Եթե իմ որդիներից որեւէ մեկը մի անգամ համարձակված լինի տենց քլուբներ գնալ, էն էլ էդ ժամին, իրենք ուղղակի շատ խիստ պատժված կլինեին եւ կզրկվեին  ամեն ինչից: Ես խիստ ծնող եմ, նման բաներ չի կարող լինել»,- ասաց Սամվել Խուդոյանը:

Հիշեցնենք, որ հունիսի 29-ին, ժամը 04.30-ի սահմաններում, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները Թամանյան փողոցում նկատել են, որ «Նիսսան Պայտֆայնդեր» ավտոմեքենայի ուղեւորներից մեկը մեքենայի առջեւի պատուհանից եւ տանիքի արեւահարթակից ատրճանակից կրակոցներ է արձակում:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե Թամանյան եւ Մոսկովյան փողոցների խաչմերուկից բաժին են ներկայացվել 1993 թ. ծնված Ալբերտ Խ.-ն` նշված ավտոմեքենայով, եւ ուղեւորներ՝ 1992 թ. ծնված Էրիկ Գ.-ն, 1993 թ. ծնված Էդգար Ս.-ն եւ 1996 թ. ծնված Մերի Ղ.-ն:

Դեպքի վայրից հայտնաբերվել են 9 մմ տրամաչափի կրակված 3 պարկուճ, իսկ ավտոմեքենայի տանիքից, շարժիչի կափարիչի արանքից ու առջեւի աջ մասի ոտնատակից հայտնաբերվել են 9 մմ տրամաչափի կրակված 3 պարկուճներ:

Վարորդի նստելատեղի տակից հայտնաբերվել եւ առգրավվել է անհայտ տիպի ատրճանակ` P38 9364 գրառմամբ: Ատրճանակի մեջ առկա էր դատարկ պահունակ, իսկ վարորդի դռան գրպանիկից հայտնաբերվել է 26 սմ ընդհանուր երկարության գաղտնի փականով ծալովի դանակ:

Նշանակվել են դատաձգաբանական եւ դատատեխնիկական փորձաքննություններ:

Կատարվում է նախաքննություն: