ԱՄՆ-ն սատարում է Եգիպտոսում ժողովրդավարության խաղաղ անցումը եւ փոխգործակցում է երկրի ընտրված ղեկավարության հետ: Այս մասին նախօրեի երեկոյան հեռախոսազրույցում Մուհամեդ Մուրսիին հայտնել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման: Երկու առաջնորդների զրույցի բովանդակությունը հաղորդել է ԵԱՀ նախագահի աշխատակազմի պաշտոնական ներկայացուցիչ Օմար Ամերը:
«Ամերիկյան վարչակազմը համագործակցում է Եգիպտոսի՝ ժողովրդի կողմից ընտրված ղեկավարության հետ եւ սատարում է Եգիպտոսում ժողովրդավարական խաղաղ փոխակերպումները», - նշել է Օբաման, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ամերի խոսքով՝ երկու նախագահների զրույցը վերաբերել է «ընթացիկ դեպքերի զարգացմանը եւ անխոնջ ջանքերին՝ ուղղված հրապարակում բողոքող եգիպտացիների խմբերի պահանջների բավարարմանը»: Մուրսին այս կապակցությամբ հաստատել է, որ Եգիպտոսը գնում է դեպի խաղաղ ժողովրդավարացում՝ հիմնված Սահմանադրության եւ օրենքի վրա»:





























