Վենետիկում կողոպտել են սուրհանդակային մոտորանավը, որը տեղափոխում էր ավելի քան 1 մլն եվրո: Միջադեպը պատահել է հուլիսի 1-ին Պյացցալե Ռոմա հրապարակից ոչ հեռու: Կողոպտիչները զինված են եղել ինքնաձիգերով:

Մոտորանավը, որը բեռնավորված է եղել գումարով լի 3 կոնտեյներներով, դուրս է եկել նավամատույցից եւ շուտով հարձակման ենթարկվել մեկ այլ մոտորանավի կողմից, որի վրա եղել է 3 զինված տղամարդ, փոխանցում է Il Gazzettino-ն:

Արդյունքում, կողոպտիչները զավթել են 3 կոնտեյներից 2-ը` նրանք, որոնք լի են եղել թղթադրամներով: Կողոպուտի ընդհանուր գումարը կազմում է 1,3 մլն եվրո: Կողոպտիչները կարողացել են փախչել:

Ինչպես գրում է «Lenta.Ru»-ն, գումարը նախատեսվում էր բաշխել բանկերում եւ փոստային բաժանմունքներում: