ՀԱՊԿ շրջանակներում ռազմա-տեխնիկական համագործակցությունը Հայաստանի համար հայ-ռուսական երկկողմ համագործակցության ձեւաչափ է: Այս մասին հուլիսի 2-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայարարել է Կովկաս Ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

«Հարկավոր է գիտակցել, որ ձեւականորեն ՀԱՊԿ-ն պետք է լիարժեքորեն արձագանքի Հայաստանի նկատմամբ ռազմական ագրեսիայի պարագայում: Այլ հարց է, որ մեր տարածաշրջանում եւ Հայաստանում, մասնավորապես, ՀԱՊԿ-ն փաստացի երկկողմ ձեւաչափի նշանակություն ունի»,-ընդգծել է Մինասյանը:

Նրա խոսքով` ոչ Հայաստանում, ոչ Ռուսաստանում չեն մտածում, որ հայկական կողմի նկատմամբ ռազմական գործողությունների դեպքում ինչ որ ղրղըզական ստորաբաժանում կկռվի Հայաստանի կամ Ղարաբաղի լեռներում: «Մեզ համար ՀԱՊԿ-ի պրակտիկ նշանակությունը կայանում է հայ-ռուսական երկկողմ համագործակցության մեջ: Այս տեսանկյունից, այդ կազմակերպության շրջանակները հայկական կողմի համար լրացուցիչ լծակ են հանդիսանում»,-ասել է քաղաքագետը, ընդգծելով, որ Բելառուսի եւ Կենտրոնական Ասիայի երկրների մասնակցությունը Հայաստանի պաշտպանության հարցում ձեւական բնույթ կկրի, սակայն դա եւս նշանակություն չունի, քանի որ Ռուսաստանի քաղաքական ներգրավվածության պարագայում ռազմական գործողությունների գործընթացը ավելի քան կանխատեսելի կլինի: «Չպետք է ակնկալենք, որ ՀԱՊԿ-ն կարող է բազմակողմանի մակարդակում արձագանքել, քանի որ իրականում միայն Ռուսաստանն ու Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազաները կարող են մեզ օգնության հասնել»,-եզրափակել է Սերգեյ Մինասյանը: