Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին Բրունեյի հանդիպման ընթացքում չեն քննարկել ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին լրագրողներին հայտնել է ռուսաստանցի նախարարը:

«ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրի հետ հանդիպմանը քննարկել ենք երկկողմ հարաբերությունների վիճակը, ամենից առաջ սեպտեմբերի սկզբին՝ պետերբուրգյան Քսանյակի գագաթաժողովի նախօրեին նախագահ Օբամայի Ռուսաստան այցը նախապատրաստելու համատեքստում», - Լավրովի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստին»:

Ռուսաստանի արտգործնախարարը հավելել է, որ այլ թեմաներին զուգահեռ նախարարները քննարկել են Մերձավոր Արեւելքի եւ Սիրիայի իրավիճակը: «Մեր ամերիկացի գործընկերները խոստովանում են, որ այժմ գլխավոր խնդիրը նախորդ տարվա հունիսի 30-ի ժնեւյան կոմյունիկեի հիմքով համախմբման հասնելն է»,- ասել է Լավրովը: