Նախագահ Սերժ Սարգսյանը Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ այսօր՝ հուլիսի 2-ին այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն եւ շնորհավորել դեսպան Ջոն Հեֆերնին, դեսպանատան աշխատակիցներին եւ ի դեմս նրանց Միացյալ Նահանգների ժողովրդին՝ ԱՄՆ Անկախության օրվա առթիվ:

Հանրապետության Նախագահը տոնի կապակցությամբ նաեւ շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամային: Ուղերձում, մասնավորապես ասվում է.

«Մեծարգո պարոն Նախագահ,

Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ ջերմ շնորհավորանքներ եւ լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ եւ Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին:

Մեր երկրների միջեւ գործընկերային սերտ կապերը վերջին տարիներին զգալի վերելք են արձանագրել, եւ այսօր մենք գտնվում ենք միջպետական հարաբերությունների բարձրակետում, տարբեր ոլորտներում ունենք համագործակցության աննախադեպ մեծ ծավալ: Մենք բարձր ենք գնահատում այն գործնական աջակցությունը, որ Միացյալ Նահանգները ցուցաբերում է Հայաստանին՝ ինչպես տնտեսական զարգացման, այնպես էլ ժողովրդավարական հաստատությունների եւ քաղաքացիական հասարակության ամրապնդման գործում: Մենք մեծապես շահագրգռված ենք ամբողջությամբ օգտագործելու երկկողմ հարաբերություններում առկա պատկառելի ներուժը եւ նոր մակարդակի բարձրացնելու մեր հարաբերությունները:

Հատուկ դրվատանքի է արժանի Միացյալ Նահանգների ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Համոզված ենք, որ Ձեր վարչակազմը կշարունակի իր ակտիվ միջնորդական առաքելությունը եւ կնպաստի մեր տարածաշրջանում կայուն եւ հարատեւ խաղաղության հաստատմանը:

Ընդունեք խնդրեմ, պարոն Նախագահ, խորին հարգանքներիս հավաստիքը»: