ՌԼԴԿ-ի առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկում է ԿՀՎ-ի նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենին փոխանակել ԱՄՆ-ում բանտարկված ռուսաստանցիներ Վիկտոր Բուտի եւ Իլյա Յարոշենկոյի հետ:
«Նա պետք է Հոնկոնգում ռուս հյուպատոսի ոտքերն ընկներ, այնինչ արդեն մի ամբողջ շաբաթ է ձրիակերի պես ապրում է մեր հյուրանոցում: Եվ ահա նրա մոտ հիմա է հասունացել քաղաքական ապաստան խնդրելու միտքը: Մենք կարծում ենք, որ նրան պետք է փոխանակել», - իր դիրքորոշումն է բացատրել Ժիրինովսկին, հաղորդում է vesti.ru-ն:
Ժիրինովսկին հիշեցրել է, որ ԱՄՆ-ի բանտերում «իզուր տեղը ռուսաստանցիներ են նստած՝ գործարար Վիկտոր Բուտը եւ Իլյա Յարոշենկոն»: «Մեր գործարար Բուտը ոչինչ չի արել եւ նստած է ամերիկյան բանտում, իսկ այդ Սնոուդենը բացահայտեց ԿՀՎ-ի բոլոր գաղտնիքները», - ընդգծել է նա: Թեեւ, ըստ քաղաքական գործչի, Սնոուդենի բացահայտումների մեջ ոչ մի զարմանալի բան չկա: «Աշխարհի բոլոր հատուկ ծառայություններն էլ միշտ էլ գաղտնալսելու են: Եվ ճիշտ էլ անում են: Ցանկացած հեղափոխություն եւ ահաբեկչություն կանխելու համար պետք է գաղտնալսել բոլորին»,-կարծում է ՌԼԴԿ-ի առաջնորդը:



























