Հուլիսի 5-ին Գրինվիչի ժամանակով (UTC) 15:00 Երկիրը կգտնվի Արեգակից ամենահեռու դիրքում, որն աստղագիտության մեջ կոչվում է ափելիոն (հունարեն «ափ»` հեռու եւ «հելիոս»` Արեգակ բառերից) կամ արեւահեռ կետ:

Հայկական աստղագիտական ընկերությունից հայտնում են, որ երկրի միջին հեռավորությունն Արեգակից մոտ 149.6 միլիոն կմ է, որն ընդունված է որպես 1 աստղագիտական միավոր (ա. մ.), սակայն քանի որ Երկրի ուղեծիրն էլիպսաձեւ է, այդ հեռավորությունը փոփոխվում է մոտ 147-152 միլիոն կմ-ի սահմաններում, եւ Երկիրն Արեգակից միշտ նույն հեռավորության վրա չէ: Աստղագետները բավական մեծ ճշտությամբ են չափել Երկրի ուղեծրի պարամետրերը: Այսպես, ավելի ճշգրիտ, Երկիր-Արեգակ հեռավորությունը փոփոխվում է 147 166 462 – 152 171 522 կմ սահմաններում եւ միջինում  կազմում է 149 597 870.691 կմ, իսկ լույսն Արեգակից Երկիր է հասնում միջինում 8 րոպե 19 վայրկյանում: Արեգակի շուրջ Երկրի պտույտը տեւում է 365 օր, 5 ժամ, 48 րոպե եւ 46 վայրկյան (365.242199 տարի, այսինքն սա է տարվա ճշգրիտ տեւողությունը): Իսկ աստղագիտական միավորի արժեքը սահմանված է 149 597 870.700 կմ:

Բոլոր մոլորակներն էլ Արեգակի շուրջ (եւ ընդհանրապես երկնային մարմինները՝ իրար շուրջ) պտտվում են ոչ թե շրջանաձեւ, այլ էլիպսաձեւ ուղեծրերով (այդ օրինաչափությունն առաջինը հասկացել է Յոհան Կեպլերը, որից հետո միայն հաշվարկները ճշգրտվեցին, եւ Կոպեռնիկոսի տեսությունն ընդունվեց գիտական հանրության կողմից): Երկրի ուղեծիրը շատ փոքր ձգվածություն ունի համեմատած մյուս մոլորակների ուղեծրերի հետ. համարվում է, որ սա էլ հավանաբար կյանքի գոյության հայտանիշներից մեկն է, քանի որ շրջանաձեւին մոտ ուղեծիրը կայուն պայմաններ է ապահովում տվյալ մոլորակի վրա: Հակառակը, հատկապես ձգված են Մերկուրիի եւ Պլուտոնի ուղեծրերը:

Կա սխալ տեսակետ, որ Երկրի վրա տարվա եղանակների փոփոխությունը տեղի է ունենում Արեգակից հեռավորության փոփոխության պատճառով, սակայն այդ տարբերությունն ընդամենը 3% է եւ չի կարող էապես ազդել Արեգակից Երկիր հասնող ջերմության վրա: Ավելին, Երկիրն Արեգակին ավելի մոտ է ձմռանը (հունվարի սկզբին, երբ գտնվում է պերիհելիոնում կամ արեւամերձ կետում), իսկ ամենահեռուն` ամռանը: Այդ պատճառով հյուսիսային կիսագնդում ամռան եւ ձմռան տարբերությունը մի փոքր մեղմանում է, իսկ հարավային կիսագնդում` սաստկանում: