Հայաստանի համար ավելի շահավետ է առեւտրային հարաբերություններ կառուցել Եվրամիության, քան թե Եվրասիական միության հետ: Այսօր՝ հուլիսի 3-ին, լրագրողներին նման կարծիք է հայտնել Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը: Ըստ  նրա՝ պետք է կարողանալ եղած հնարավորություններից ճիշտ ընտրություն կատարել: Դրանից կախված կլինի, թե ինչ կընտրի երկիրը՝ ԵՄ-ի հետ ազատ եւ համապարփակ առեւտրի գոտի՞ն, թե՞ Եվրասիական միությանն անդամակցումը:

«Պետք է պատրաստ լինել ընձեռնված հնարավորություններից ընտրություն կատարելուն: Պետք է մարտավարություն մշակել, որը բիզնեսին հնարավորություն կտա ավելի լավ կողմնորոշվել», - ասել է Մակարյանը:

Նա հավելել է, թե չպետք է մոռանալ, որ Հայաստանում արտադրվող մի շարք ապրանքներ, մրցունակ չեն ԵՄ-ում եւ կարող են իրացվել միայն ԱՊՀ տարածքում: «Մյուս կողմից էլ ԵՄ-ի հետ պայմանագիրը կարող է օգնել Թուրքիայի հետ սահմանի բացմանը, քանի որ փակ սահմանները հակասում են ԵՄ-ի միջազգային առեւտրի շահերին եւ սկզբունքներին», - եզրակացրել է Մակարյանը: