Հուլիսի 3-ի երեկոյան Էկվադորի արտգործնախարար Ռիկարդո Պատինիոն հայտնել է, որ  Լոնդոնում Էկվադորի դեսպանատան աշխատասենյակներից մեկում հայտնաբերված գաղտնալսող սարքը պատկանում է գաղտնալսմամբ զբաղվող  Survillance Group Limited բրիտանական ընկերությանը:

Պատինիոն  սարքը ցուցադրել է լրագրողներին եւ հայտնել, որ այն քողարկված է եղել պատերից մեկում` էլեկտրալարերի մեջ: Սարքի աշխատանքի համար կիրառվել է GSM, այն ունեցել է SIM-քարտ: Պատինիոն նաեւ հավելել է, որ Էկվադորի կառավարությունը քննության ընթացքում օգնություն կխնդրի բրիտանական կողմից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: 

Հիշեցնենք, որ Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը անցյալ տարվա հունիսի կեսերից գտնվում է WikiLeaks աղմկահարույց կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լոնդոնում Էկվադորի դեսպանի սենյակում գաղտնալսող սարք է հայտնաբերվել: