ԱՄՆ-ն Բոլիվիային է ուղարկել նոտա՝ պահանջելով արտահանձնել Սնոուդենին այն դեպքում, եթե նա հայտնվի այդ երկրի տարածքում: Արտահանձնման մասին խնդրանքը Լա-Պաս է ուղարկվել հենց նույն օրը, երբ նախագահ Էվո Մորալեսի օդանավին թույլ չեն տվել անցնել մի շարք եվրոպական երկրների օդային տարածքով: Նա հարկադիր վայրէջք է կատարել Վիեննայում:

Բոլիվիայի ԱԳ նախարարի խոսքով՝ ԱՄՆ-ն, այնուամենայնիվ, համարում է, որ Սնոուդենը Մորալեսի օդանավում է եղել:

ԱՄՆ պետդեպը իր հերթին հաղորդել է, որ նմանատիպ բովանդակությամբ նոտաներ ուղարկվել են ոչ միայն Բոլիվիային, այլեւ բոլոր այն երկրներին, որոնցից Սնոուդենը քաղաքական ապաստան է խնդրել: Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հաղորդել է նաեւ, որ որոշ տվյալների համաձայն, Սնոուդենը նախկինի պես գտնվում է «Շերեմետեւոյի» տրանզիտային գոտում, գրում է «Lenta.Ru»-ն:

Վկայակոչելով Բոլիվիայի ԱԳՆ-ին՝ ՌԻԱ Նովոստին գրում է, որ երկրի կառավարությունը հրաժարվել է դիտարկել Սնոուդենին արտահանձնելու հայցը:

Բոլիվիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Սնոուդենը չի հանդիպել Մորալեսին, վերջինիս՝ Մոսկվայում եղած ժամանակ: