Վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջո Բայդենին` Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ, որում ասված է.

«Հարգելի պարոն փոխնախագահ,

Հայաստանի Հանրապետության կառավարության եւ անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ ԱՄՆ անկախության օրվա կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ եւ Ամերիկայի ողջ ժողովրդին խաղաղություն եւ բարօրություն:

Օգտվելով պատեհ առիթից՝ ցանկանում եմ գոհունակությամբ նշել, որ վերջին տարիներին հայ-ամերիկյան հարաբերությունները վերընթաց զարգացում են ապրում՝ նպաստելով մեր երկրի անվտանգության ապահովմանը, տնտեսության զարգացմանն ու քաղաքացիական հասարակության ամրապնդմանը: Վստահեցնում եմ, որ Հայաստանի կառավարությունը կշարունակի գործադրել ամեն ջանք մեր երկու երկրների միջեւ հարաբերությունների հետագա կատարելագործման համար»: