Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Լիտվա խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հուլիսի 4-ին ընդունել է Հայաստանում Լիտվայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին:

ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հանդիպման ժամանակ քննարկվել են երկու երկրների քաղաքական, տնտեսական, մշակութային կապերի հետագա զարգացմանն ու խորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցեր:

Անդրադառնալով  ժողովրդավարության ուղին բռնած Հայաստանի  հավասարակշռված արտաքին քաղաքականությանը՝ ԱԺ փոխնախագահը  հավաստիացրել է, որ եվրաինտեգրումը եղել եւ մնում է մեր երկրի  առաջնահերթություններից մեկը: Նա հույս հայտնեց, որ Լիտվան՝ որպես ԵՄ անդամ, իսկ վերջերս նաեւ այդ կառույցում նախագահությունն ստանձնած երկիր, կաջակցի Հայաստանին եվրաինտեգրման ճանապարհին: Էդուարդ Շարմազանովը դեսպանին ծանոթացրել է նաեւ տարածաշրջանային անվտանգությանն ուղղված Հայաստանի վարած քաղաքականությանը. մասնավորապես նա խոսել է ԼՂ հիմնախնդիրը բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծելու Հայաստանի ջանքերի եւ Հայաստանը շրջափակելու թուրքական  քաղաքականության անթույլատրելիության մասին:

Դեսպան Էրիկաս Պետրիկասը, բարձր գնահատելով Հայաստանի վարած տարածաշրջանային կայունության ու հարեւանների հետ խաղաղ գոյակցության քաղաքականությունը, նշել է, որ Լիտվայի իշխանությունները աջակցում են հիմնախնդիրները խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծելու Հայաստանի ջանքերին: Նա ողջունել է նաեւ եվրաինտեգրման ու ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործում Հայաստանի հետեւողականությունը եւ հավաստիացրել, որ իր երկիրը պատրաստ է աջակցելու Հայաստանին այդ ճանապարհին հանդիպող դժվարությունները հաղթահարելու հարցում:

Հանդիպման ժամանակ քննարկվել են նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: