«Ֆրանսիան իր ներդրումը կունենա ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում»: Այս մասին լրագրողներին է հայտնել Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն:

Նրա խոսքով՝ վերջերս կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ: Այդ հանդիպման ընթացքում ընդգծվել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների կապերի կարեւորությունը, ինչպես նաեւ առաջընթացի հասնելու հավանականությունը, փոխանցում է APA-ն:

Դեսպանը ասել է, որ այս հարցի կապակցությամբ նախորդ տարվա սեպտեմբերին կայացել է նախագահ Ալիեւի հետ հանդիպում. «Հանդիպմանը քննարկվել է, թե ինչ պարտականություններ է իր վրա վերցնում Ֆրանսիան: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ եւս հատուկ ուշադրություն է դարձվել հիմնական պարտականությունների էությանը: Ֆրանսիան, ինչպես նաեւ մյուս պետությունները, ջանքեր է ներդրել այս հակամարտության լուծման համար եւ հետագայում եւս իր ներդրումն է ունենալու այս գործընթացում»: