Հայաստանի նման փոքր երկրները, որոնք ունեն խնդրահարույց աշխարհաքաղաքական դիրք ու անբարյացկամ հարեւաններ, միշտ հայտնվում են արտաքին ուժերի ազդեցության տակ: Այս մասին հուլիսի 4-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
Նրա համոզմամբ՝ այն ամենն, ինչ այսօր Հայաստանում տեղի է ունենում, երկու հիմնական գործոնների ազդեցությամբ է լինում: «Առաջին գործոնը երկրի ղեկավարի իրավահաջորդի հարցն է, որը ներքաղաքական հարց է, երկրորդը՝ ԵՄ եւ Եվրասիական կամ Մաքսային միության վեկտորների միջեւ ընտրությունն է»,-ընդգծել է Քոչարյանը: Նա ընդգծել է, որ երկար ժամանակ հայտարարել ենք, որ մեզ համար հիմնական ուղղությունը Եվրոպան է, որ Ռուսաստանը մեզ վրա ճնշում է գործադրում: Սակայն Լեհաստանում Եվրոպան հասկացրեց, որ չի կարող լինել «եւ-եւ» սկզբունք, այլ միայն «կամ-կամ»: «Չնայած որ Ռուսաստանն այժմ ասում է, որ կարելի է համագործակցել «եւ-եւ» սկզբունքով, չի բացառվում, որ դիվանագիտական բանակցությունների մակարդակում ռուսական կողմը եւս բացառի այս տարբերակը: Համոզված եմ, որ եթե Եվրոպան հայտարարի «եւ-եւ» սկզբունքի մասին, ապա Ռուսաստանը կդնի «կամ-կամ» պահանջը»,-ասել է քաղտեխնոլոգը:
Կարեն Քոչարյանը չի բացառել նաեւ, որ հանրապետության ներքաղաքական վիճակի լարվածության պատրվակով ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը չնախաստորագրվի «Արեւելյան համագործակցության» գագաթաժողովի ընթացքում, որը այս տարվա նոյեմբերին պետք է կայանա Վիլնյուսում:
Հիշեցնենք, որ Վարշավայում վերջերս կայացած Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմարովսկիի հանդիպման ժամանակ լեհական պետության ղեկավարը ընդգծել է, որ անհնար է միաժամանակ տնտեսական համագործակցություն ապահովել երկու ուղղություններում: Նա նշել է, որ Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի եւ Մաքսային միության միջեւ:





























