2011թ Անդերս Բրեյվիկի կազմակերպած արյունալի ահաբեկչություններից հետո առաջին անգամ Նորվեգիայում կրկին վերաբացվել է իշխող Աշխատավորական կուսակցության երիտասարդական թեւի ամառային ճամբարը: Ճամբար է գնացել մոտ 800 մարդ, մինչդեռ տարի առաջ նրանց թիվը 560 էր:
Կազմակերպիչներն ու մասնակիցները դրական են տրամադրված, չնայած որ ամեն դեպքում հոգացել են անվտանգության միջոցների մասին: Նրանք անընդհատ կապի մեջ են ոստիկանության հետ, որի աշխատակիցները եւս գործուղվել են ճամբար՝ իրավիճակը տեղում վերահսկելու համար, գրում է NEWSru.com-ը:
Ողբերգության տարելիցի օրը՝ հուլիսի 22-ին, Ուտոյայում զոհերի հիշատակին նվիրված արարողակարգ կիրականացվի: Ահաբեկչության զոհերի հարազատ քաղաքներում հուշարձաններ կտեղադրվեն:
Նախքան ճամբարում ջարդ կազմակերպելը՝ Բրեյվիկը պայթյուն է իրականացրել Օսլոյում: Ընդհանուր առմամբ, ահաբեկչի զոհ է դարձել 77 մարդ: Նա դատապարտվել է 21 տարի ազատազրկման: Սակայն ժամկետը լրանալուց հետո, նրա դատավճիռը դատական կարգով կարող է երկարաձգվել:



























