Ֆրանսիայում ձերբակալվել է նախկին նախարար Ժերոմ Կայուզակի տիկին Պատրիսիան, ով կասկածվում է փողերի լվացման մեջ: 57-ամյա կինը կալանավորվել է հուլիսի 3-ի երեկոյան:
Պատրիսիա Մենարը, ով մասնագիտացած է մազերի վերականգնման մեջ, Կայուզակի հետ ամուսնացել է 1980թ: Նրանք ունեն 3 երեխաներ: Ավելի վաղ նախարարը ենթադրություն է հայտնել, որ կինը կարող էր հետաքննությանը իր հաշիվների մասին մանրամասներ ներկայացնել՝ ամուսնալուծության դեպքում ավելի շահավետ պայմաններում հայտնվելու համար, գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ֆրանսիական լրատվամիջոցներին:
Կայուզակի նկատմամբ հետաքննությունը սկսվել է այն բանից հետո, ինչ Mediapart պորտալը հաղորդել է, որ նա գաղտնի հաշվեհամար ունի շվեյցարական UBS բանկում: Այս ինֆորմացիան հաստատել է նաեւ Պատրիսիա Կայուզակը: Ինքը նախարարը հերքել է հաշվեհամարի առկայությունը, սակայն հետո խոստովանել է եւ հրաժարական տվել:





























