Հուլիսի 7-ին, ժամը 20.25-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան-Ճակատեն ավտոճանապարհի 7-րդ կմ-ին տեղի է ունեցել վթար. ավտոմեքենա է ընկել ձորը: Կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն: 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Մերսեդես» մակնիշի 33 OO 109 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ գլորվել ձորը (18-20 մ խորությամբ): Ավտոմեքենայի մեջ եղել են 5 հոգի` 2 երեխա, կին եւ ամուսին եւ ավտոմեքենայի վարորդը: Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը` երեխաները տեղի ուժերով տեղափոխվել են Կապան քաղաքի բժշկական կենտրոն: 

Ժամը 20.55-ին հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել 2 ուղեւորներին եւ վարորդին, որոնք այժմ տեղափոխվում են Կապան քաղաքի բժշկական կենտրոն: 

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: