Մենք դեռ շատ անելիքներ ունենք համաշխարհային կինոքարտեզի վրա մեր դիրքն ամրապնդելու համար, ուստի առանձնահատուկ կարեւորություն ունի «Ոսկե ծիրանի»` տարածաշրջանում առաջնային կինոփառատոն լինելու փաստը: Այդ մասին ասվում է նախագահ Սերժ Սարգսյանի` «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման ժամանակ հնչած ողջույնի խոսքում:
«Ջերմորեն ողջունում եմ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի կազմակերպիչներին, մասնակիցներին եւ հյուրերին: Երեւանում անցկացվող արդեն տասներորդ՝ հոբելյանական փառատոնի առթիվ սրտանց շնորհավորում եմ նախաձեռնողներին եւ իրականացնողներին:
Մենք դեռ շատ անելիքներ ունենք համաշխարհային կինոքարտեզի վրա մեր դիրքն ամրապնդելու համար, ուստի առանձնահատուկ կարեւորություն ունի «Ոսկե ծիրանի»` տարածաշրջանում առաջնային կինոփառատոն լինելու փաստը: Անցած տասը տարիների ընթացքում համաշխարհային կինոյի բազմաթիվ նշանավոր գործիչներ իրենց համար նորովի բացահայտեցին Հայաստանը՝ դառնալով մեր երկրի հարազատ ու նվիրյալ բարեկամները: Անուրանալի է, որ այսպիսի փառատոնը մեծ պատիվ է ցանկացած երկրի համար եւ հիանալի առիթ` մշակութային նոր կապեր հաստատելու ուղղությամբ: Դա է վկայում փառատոնի մասնակիցների ընդարձակ աշխարհագրությունը, ինչպես նաեւ միջազգային լայն լսարան ունեցող մի շարք լրատվամիջոցների հետաքրքրությունը «Ոսկե ծիրանի» եւ մեր երկրի հանդեպ:
Շատ կարեւոր է փառատոնի` ազգային կինոյի զարգացմանը նպաստելու առաքելությունը եւ «Ոսկե ծիրան» միջազգային կինոդպրոցի հիմնադրումը: Այսօր արդեն փառատոնի աջակցությամբ նկարահանված ֆիլմերը Հայաստանն են ներկայացնում միջազգային բազում կինոհարթակներում: «Ոսկե ծիրանի» տասնամյա հագեցած պատմությունը գնահատելի եւ խրախուսելի իրողություն է, որը հարստացնում է Հայաստանի մշակութային կյանքը:
Հարգելի՛ բարեկամներ,
Կրկին ողջունում եմ տասներորդ` հոբելյանական կինոփառատոնի մասնակիցներին եւ հյուրերին: Հորդորում եմ ձեզ հավատարիմ լինել «Քաղաքակրթությունների եւ մշակույթների խաչմերուկ» նշանաբանին եւ պահապանել ու խորացնել փառատոնի կարեւոր ձեռքբերումներն ու բարձր հեղինակությունը: Կազմակերպիչներին մաղթում եմ ուժ եւ եռանդ, որպեսզի նույն կորովով շարունակեն տասը տարի առաջ սկսած իրենց ազնիվ գործը»,- նշել է նախագահը:





























