Ինդոնեզիայում վագրերը հարձակվել են վեց տղամարդու վրա` սպանելով նրանցից մեկին եւ մյուս հինգին ստիպելով բարձրանալ ծառը: Փրկվածները երեք օր է՝ սպասում են օգնության եւ չեն կարողանում իջնել, քանի որ վագրերը հսկում  են ներքեւում: 

Ինդոնեզացիները Սումատրա կղզու Գունունգ Լեսեր ազգային պարկի ջունգլիներում փնտրում էին փայտի հատուկ մի տեսակ` օծանելիքի արտադրության համար, եւ  ծուղակ էին լարել իրենց սնունդով ապահովելու համար, սակայն պատահաբար մի վագրիկ էին բռնել, որը սատկել էր:

Մոտակայքում գտնվող վագրերի խումբը հավաքվել էր սատկող փոքրիկ վագրի ոռնոցից եւ հարձակվել մարդկանց վրա, որի հետեւանքով մեկ մարդ սպանվել էր, իսկ մյուսները ստիպված էին եղել փրկվելու համար ծառը բարձրանալ:

Տղամարդիկ բջջային հեռախոսի օգնությամբ կապ էին հաստատել մերձակա գյուղի բնակիչների հետ: Նրանք շտապել էին տղամարդկանց օգնության, սակայն տեսնելով չորս վագրերին` նահանջել էին, գրում է NEWSru.com-ը:

Տղամարդկանց օգնության է մեկնել 30 փրկարարների մի խումբ, սակայն կարող է երկու-երեք օր պահանջվել` վտանգի մեջ հայտնված մարդկանց հասնելու համար: