Մոլդովայի հայ համայնքի ներկայացուցիչները հայտնել են դիվանագիտական սկանդալ հրահրած խորհրդարանական, փաստաբան Աուրելիա Գրիգորիուին աշխատանքից հեռացնելու պահանջ ներկայացնելու մտադրության մասին, որը նախորդ շաբաթ Երեւանի կոնֆերանսում հայտարարել էր, թե «Հայաստանը գրավել է Ադրբեջանի տարածքի 20%-ը` ադրբեջանցիների նկատմամբ իրականացնելով ցեղասպանություն»:
«Մոլդովայի Հանրապետության հայ համայնքը հանդես է եկել հայտարարությամբ: Սկզբում մենք տվյալ հայտարարությունը հրապարակել ենք էլեկտրոնային լրատվամիջոցներում, իսկ այս շաբաթ Աուրելիա Գրիգորիուին աշխատանքից հեռացնելու պահանջով համապատասխան փաստաթուղթը համայնքի նախագահի ստորագրությամբ եւ կնիքով կուղարկվի խորհրդարան», - հուլիսի 8-ին OMEGA գործակալությանը հայտնել է Մոլդովայի հայ համայնքի ներկայացուցիչ, քաղաքագետ Էռնեստ Վարդանյանը:
Ըստ նրա` Երեւանում եվրոպական կոնֆերանսին Գրիգորիուի պահվածքը սկանդալային էր եւ անթույլատրելի, ինչը մեծ վնաս է հասցնում Մոլդովայի եւ Հայաստանի փոխհարաբերություններին: «Գրիգորիուն չի նկատվել մարդու իրավունքների անմիջական պաշտպանության գործընթացում, այսինքն այն, ինչը նրա ուղղակի պարտականությունն էր: Բոլորը խոսում են, որ նրա այդ ելույթը կարող է վնաս հասցնել հայ-մոլդովական հարաբերություններին: Եւ ավելին, չմոռանանք, որ հուլիսի 11-ին Քիշինեւ է ժամանում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Ես չեմ կասկածում, որ դա հատուկ է կազմակերպված եղել այս այցի նախօրեին, հատուկ, որպեսզի այցի վրա որեւէ կերպ ստվեր նետվի», - ընդգծել է Վարդանյանը:





























