Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին դժգոհություն է հայտնել Վրաստանի գլխավոր դատախազ Արչիլ Քբիլաշվիլիի կայացրած որոշման կապակցությամբ, որի միջնորդության շնորհիվ քրեական պատասխանատվությունից ազատվել էր բանտարկյալներին խոշտանգումների ենթարկելու գործի գլխավոր մասնակիցը` Վլադիմիր Բեդուկաձեն:
«Ես վստահ եմ, որ ոչ մի հատուկ հանգամանքներ հիմք չեն կարող լինել խոշտանգումներ կատարած անձանց քրեական պատասխանատվությունից լիովին ազատելու համար: Ես դժգոհ եմ նաեւ գործի մյուս մասնակիցների նկատմամբ կայացրած մեղմ դատավճռից», - ասվում է վարչապետի` հուլիսի 8-ին տարածված հայտարարության մեջ, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»:
Կտտանքների գործով հունիսի 14-ին 16 մարդ դատապարտվել էին տարբեր ժամկետների ազատազրկման` 6 ամսից մինչեւ 6 տարի եւ ինն ամիս:
Բեդուկաձեն Թբիլիսիի Գլդանի թիվ 8 բանտում սարսափելի կտտանքների մասին տեսագրությունների հեղինակն է, որոնք տարածվել էին 2012թ. սեպտեմբերին` խորհրդարանական ընտրությունների նախօրեին: Հունվարի 18-ի գիշերը նա ձերբակալվել էր Թբիլիսիի միջազգային օդանավակայանում, սակայն հունիսի 14-ին Գլխավոր դատախազի միջնորդությամբ ազատվել էր:





























