Ստամբուլի Թաքսիմ հրապարակի Գեզի պուրակում հուլիսի 8-ին կրկին բաց է այցելուների համար: Ինչպես հաղորդել է Ստամբուլի նահանգապետ Հյուսեին Ավնի Մութլուն բացման արարողության ժամանակ, պուրակ կարող են այցելել բոլոր ցանկացողները՝ 24 ժամ շարունակ: Նրա խոսքով՝ պուրակում 129 նոր ծառ է տնկվել, 5000 վարդի թուփ, 202 հազար սեզոնային ծաղիկ եւ ավելի քան 26 հազար քմ բնական խոտածածկ:

Մինչ այդ, իշխանությունները հայտարարել են, որ թույլ չեն տա, որպեսզի Գեզին կրկին վերածվի ցույցերի համար նախատեսված վայրի: «Ոչ ոք իրավունք չունի արգելափակելու պուրակը: Թույլ չենք տա, որպեսզի այստեղ ապօրինի ակցիաներ անցկացվեն»,-ասել է Մութլուն: Նա նաեւ հայտարարել է, որ բոլոր նրանք, ովքեր Գեզիում ակցիաներ անցկացնելու կոչ կանեն, հանցագործներ կհամարվեն, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ինչպես հաղորդում է «Lenta.Ru»-ն, ընդդիմադիրները կրկին կոչ են արել հուլիսի 8-ին հավաքվել պուրակի մերձակայքում: Միջոցառման սկիզբը նախատեսվում է տեղի ժամանակով 19:00-ին:

Պուրակի վերականգնումը սկսվել է հունիսի 15-ին, երբ ոստիկանությունն այնտեղից դուրս է մղել հարյուրավոր ցուցարարների: Մինչեւ հուլիսի 8-ի առավոտը այն շրջափակված է եղել ոստիկանության կողմից: Այս առավոտ օրենքի պահապանները հեռացել են պուրակի հարակից տարածքներից:

Հիշեցնենք, որ Ստամբուլի դատարանը դեռեւս հուլիսի 3-ին սահմանել էր դադարեցնել Թաքսիմի եւ Գեզիի ցանկացած վերակազմակերպիչ աշխատանք, որոնք էլ զանգվածային բողոքի ակցիաների պատճառ են հանդիսացել: