Փարիզում գործող «Հայկական Վերածնունդ» կազմակերպությունը հայտարարություն է տարածել ի պաշտպանություն Ֆրանսահայ Թեմի Առաջնորդ Նորվան Արք. Զաքարյանի, որտեղ նշում է, որ վերջինիս հրաժարականը մեծ հուզում եւ վրդովմունք է առաջացրել ֆրանսահայ համայնքի ներսում ու դրանից դուրս:

Հայտարարությունում ասվում է.

«Ֆրանսահայ Թեմի Առաջնորդ, եւ Արեւմտյան Եվրոպայի Կաթողիկոսական Պատվիրակ, Նորվան Արք. Զաքարյանի հրաժարականը մեծ հուզում եւ վրդովմունք է առաջացրել ֆրանսահայ համայնքի ներսում ու դրանից դուրս։ Նրա հրաժարականի գլխավոր դրդապատճառը է համարվում Նիսի նախկին հոգեւոր հովվի վարձատրության հարցը, Նիսի նախկին ծխական խորհրդի հետ հնգամյա բախումներից եւ ֆրանսիական արդարադատության հետ ունեցած հարցերից հետո։ Սակայն թվում է, թե դա համբերության վերջին կաթիլն է եղել միայն...

Նրա հրաժարականի գլխավոր  պատճառը եղել են այն  անընդունելի ճնշումները, որոնց ենթարկվել է Նորվան Սրքեպիսկոպոսը՝ էջմիածնի Մայր Աթոռի կողմից:

Նորվան Արքեպիսկոպոսը մտավորական բարձր կարողությունների տեր, սիրված ու գնահատված անձնավորություն է համայնքի մեջ ու վայելում է թե՛ հոգեւոր, թե՛  աշխարհիկ շրջանակների հարգանքը: Նա փորձում է իր լավագույնն անել ներդաշնակելու համար Հայ առաքելական եկեղեցու ներքին կանոնները՝ տեղական ժողովրդավար օրենքների եւ չափանիշներին հետ։

Որքան էլ հարգելի լինեն Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետապնդած եկեղեցական ու այլ նպատակները, ընդունելի ու արդար չէ նսեմացնել ու վարկաբեկել Հայ Եկեղու պարկեշտ ու կարեւոր ներկայացուցչին՝ հանձինս Նորվան Արք. Զաքարյանի։

Հայկական Վերածնունդի Փարիզի մասնաճյուղն իր աջակցությունն է հայտնում Նորվան Արքեպիսկոպոսին եւ կոչ է ուղղում համայն հայությանը, որ զորակցեն նրան, իր կրած այս անարդարության դիմաց։

Հայկական Վերածնունդի Փարիզի մասնաճյուղը նաեւ քաջալերում է Նորվան Արքեպիսկոպոսին, որ վերատեսության ենթարկի իր հրաժարականի որոշումը եւ շարունակի իր ջանքերն ի նպաստ առողջ եւ համերաշխ փոխհարաբերությունների հաստատման Մայր Աթոռի եւ Սփյուռքի եկեղեցական մարմինների միջեւ, ի խնդիր Հայ ժողովուրդի գերագույն շահերի։